Տղամարդիկ ապահովագրված չեն կրծքագեղձի քաղցկեղից
Հոկտեմբեր ամիսը հայտարարվել է կանանց առողջության ամիս: Հայ -ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ կանանց հետազոտման համար հիմնական խոչընդոտները նախ հոգեբանական, ապա նաեւ ֆինանսական խնդիրներն են: Ֆինանսական խնդիրները վերացնելու համար հոկտեմբերի 10 -ից հայտարարվել է 25 տոկոս զեղչ, որի արդյունքում հետազոտման 20 հազար դրամի փոխարեն կվճարեն 15 հազար դրամ եւ 7000 դրամ՝ կրծքագեղձի սոնոգրաֆիայի համար; «Հոկտեմբերին գրանցված բոլոր հաճախորդները վճարելու են զեղչով, եթե անգամ բուն հետազոտությունը կատարվի դեկտեմբերին»,- ասաց Խ. Հակոբյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ զեղչերի հայտարարելուց հետո հետազոտված 1045 կանանցից 46-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը օրական ունենում են մոտ 200 այցելու, որոնցից 40-ի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։ Հիմնադրման օրից կենտրոնը հետազոտել է 500 հազար կանանց, որոնցից 11 հազարի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել.Կենտրոնում կարեւորում են նաեւ գյուղաբնակ կանանց առողջությունը, եւ արդեն կատարել են 320 այց գյուղական բնակավայրեր, որոնց արդյունքում անվճար հետազոտել են 25 հազար կնոջ;
Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ քաղցկեղը երիտասարդացել է։ Եթե նախկինում հիվանդությունը հիմնականում հայտնաբերվում էր 50–70 տարեկան կանանց մոտ, ապա հիմա հայտնաբերվում է նաեւ 30-40 տարեկանների մոտ: Հիվանդությունից ապահովագրված չեն նաեւ տղամարդիկ, կենտրոնում հետազոտված տղամարդկանցից 72 –ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: