«Խառնել եք, ես վարչապետը չեմ». ՀՅԴ-ը գոհ է
«Դաշնակցությունը» ծանոթ է կառավարության ներկայացրած նախնական ծրագրին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այսօր նաև վարչապետի հետ ենք հանդիպում ունեցել, քննարկել ենք ծրագիրը, բայց դրա մասին կխոսենք հետագայում: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացվել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծարգիրը պետք է լինի կոնկրետ քայլերի ու ժամկետների ծրագիր: Եվ դա պետք է արտացոլեր մեր համագործակցության համաձայնագիրը «Հանրապետականների» հետ, ինչը ևս առկա էր ծրագրում: Եվ եթե ոչ 90, ապա 90-ից ավելի տոկոսով մեր հանաձայնագրի դրույթներն արտացոլված են»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Վերջինս նկատեց, որ ծրագիրը բնավ էլ կարճաժամկետ չի: «Կոնկրետ ծրագիրը որ վերցնեք, կտեսենք՝ դրույթները տարբեր են՝ կապված ամենատարբեր հեռանկարային խնդիրների հետ: Սրանով չի կաշկանդվել ծրագիրը, և ճիշտ են արել վարչապետն ու կառավարությունը, որ չեն կաշկանդվել դրանով: Չի կարելի միայն 6 ամսվա համար ծրագիր գրել, ու ասել, թե սա է: Բայց երկիրը պետք է իրվահաջորդ ունենա»:
Պատգամավորի գնահատմամբ՝ կառավարության նախորդ ծրագրերից այս նոր ծրագիրը շատ բանով է տարբերվում: «Նախ՝ այն ներառում է Հանրապետականի հետ ստորագրած մեր հուշագիրը, բացի դրանից՝ շատ կոնկրետություններ ու ժամկետներ կան: Դրանք իրապես չափելի ու շփոթելի են»: Լրագրողները խնդրեցին մի քանի դրույթներ առանձնացնել այդ ծրագրից, ինչին Ռուստամյանը կատակով արձագանքեց. «Խառնել եք, ես վարչապետը չեմ»: