«Ամենահեռու հարևան Հայաստանը». թուրք լրագրողի անդրադարձը
Թուրք լրագրող Օզլեմ Յուզաքը Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում այցելել է Հայաստան: Թուրքական «Cumhuriyet» թերթում հրապարակված «Ամենահեռու հարևան Հայաստանը» հոդվածում Յուզաքը ներկայացրել է Հայաստան կատարած այցելության տպավորություններն ու խոհերը:
Նա նշել է, որ երկու հասարակությունները շատ նման են. «Սովորույթները, խոհանոցը, անգամ մեր երաժշտությունը նույնն են… Հայաստանի հետ դիվանագիտական հեռավորությունը հնարավոր է հաղթահարել ժողովուրդների մերձեցմամբ: Հատկապես երիտասարդները պատրաստ են դրան…»:
Թուրքիայի հետ նմանությունների մասին գրելիս՝ հոդվածագիրը նշել է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը կարելի է բնորոշել 3 բառով՝ կոռուպցիա, աղքատություն եւ արգելքներ:
Ըստ հոդվածագրի՝ երկու երկրների միջև ակնառու տարբերությունը կրթությունն է: «Հայաստանում բնակչության 95 տոկոսն ավարտել է ավագ դպրոցը: Բնականբար, մեծ է նաև սովետական շրջանի ազդեցությունը: Հետևաբար կրթության ազդեցությունը երկրի մշակութային և հասարակական կյանքի վրա բավականին մեծ է»:
Հեղինակը վստահ է, որ զբոսաշրջությունը կարող է երկու հասարկությունների հարաբերությունների բարելավման գործում լծակ դառնալ:
«Հայաստանում տեսարժան վայրեր շատ կան, իսկ Երևանը վերջին տարիներին հատկապես Սփյուռքի ներդրումների շնորհիվ շատ է զարգացել: Երևանում շատ են թանգարանները, պատկերասրահները»:
Դրանցից հոդվածի հեղինակն առանձնացնում է հատկապես Քաֆեսճյան թանգարանը: Նրա ուշադրությունից չեն վրիպել Երևանի արձանները. «Քաղաքը լի է հայկական մշակույթում իրենց հետքը թողած անհատների՝ Կոմիտասի, Երվանդ Քոչարի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի արձաններով»:
Յուզաքը Հայաստանում ներկա է եղել նաև Արենիի գինու փառատոնին, այցելել է քարանձավ, որտեղ Ք. Ա. 6-րդ հազարամյակով թվագրվող գինու արտադրության հետքեր են հայտնաբերվել: Եղել է նաև Տաթևի վանքում, ուր հասել են Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղով:
Յուզաքին գրավել են նաև Երևանի ջազ ակումբները: Իսկ հայկական խոհանոցի մասին խոսելիս, նշել է, որ երկու խոհանոցները նմանություն ունեն և որպես օրինակ բերել է հայակական հարիսայի, տոլմայի, անուշապուրի, խավիծի թուրքական անվանումները:
Հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանի բնական պաշարներին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը: Յուզաքն ընդգծել է, որ Հայաստանը հարուստ է հատկապես ջրային պաշարներով, որն անգամ արտահանվում է Իրաք և Հորդանան: Երկրի արտահանվող ապրանքների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում ալկոհոլային խմիչքները, հատկապես օղին և կոնյակը:
Հանքարդյունաբերությունը նույնպես զարգացած է՝ հատկապես պղնձի և անագի:Հեղինակի տպավորություններով գյուղատնտեսությունը զարգացած չէ՝ մասնավորապես հարավ-արևելյան կողմերում հողատարածքները դափ-դատարկ են: Գյուղատնտեսության մեջ հեղինակ առանձնացրել է ծաղկի մշակումը, որի տեխնոլոգիան ներմուծվել է Հոլանդիայից: Նա նորից ընդգծել է, որ այս ամենում շատ մեծ դեր ունի Սփյուռքը:
Իսկ հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորման հավանականության վերաբերյալ հեղինակը գրում է, որ երկու ժողովուրդների մերձեցման համար շատ կարևոր գործոն է նրանց մշակութային և հասարակական համագործակցությունը: Նա նշում է, որՀայաստանում հատկապես երիտասարդները հարաբերությունների կարգավորման հարցում լիբերալ հայացքներ ունեն: