Չգիտի` երբ է մահացել, ճնշում ունի … Խաչիկյանի դատը /վիդեո/
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարության այս փուլում հարցաքննվում են վկաները:
Նկատենք, որ նրանց մեծ մասը մեծահասակներ են եւ առողջության հետ կապված խնդիրներ ունեն: 78-ամյա Բելա Ավանեսովայի բնակարանում նրա եղբայրն էլ է հաշվառված եղել: Թե ով է ստացել նրա կենսաթոշակը` վկան տեղյակ չէր:
“Ինքը հարազատներ չունի, Մոսկվայում են, չգիտեմ ոչինչ, ճնշում ունեմ, չեմ հիշում երբ է մահացել”,-ասաց տիկին Բելան: Թերեւս նրան դատավարության ոչ մի կողմը հարցեր չուներ, բացի դատախազը: Վերջինս էլ հակասություն տեսնելով վկայի ցուցմունքների միջեւ` միջնորդեց դատարանին հրապարակել նախաքննական մարմնին տված ցուցմունքը:
Դատավոր Մխիթար Պապոյանը դատախազին խնդրեց կարդալ: Վերցնելով գործի համապատասխան հատորը` դատավորը դատախազին ասաց, որ մանրամասն նշի, ուշադրություն դարձնելով տարեթվին: “2011, թե՞ 211 թվականով է թվագրված”,-հարցրեց Պապոյանը, ինչին դատախազը հակադարձեց` երեւի վրիպակ է:
Ոչինչ չհիշող վկայի հարցաքննության այլ մանրամասները` տեսանյութում: