Եթե կարող են, թող հանեն. Շիրակի մարզպետը հրաժարական չի տա. Ժողովուրդ
Գյումրիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հրապարակային դժգոհություն էր հայտնել Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գործունեությունից:
Ռուստամյանը մարզպետին մեղադրել էր նրանում, որ իր գործունեությամբ չի կարողացել նպաստել հայրենի կուսակցության հեղինակության բարձրացմանը գյումրեցիների շրջանում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է դաշնակցական մարզպետից պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն Սիմոնյանին փոխարինող է փնտրում: Մարզպետը հավաստիացրել է, որ նման բան գոյություն չունի: Իսկ երբ թերթը մեջբերել է իր կուսակցի` Արմեն Ռուստամյանի ասածները, նա պատասխանել է. «Ով ինչ ասել է, իրենցից հարցրեք, ես ասում եմ՝ նման բան չկա: Ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան»:
Այլ կերպ ասած՝ Սիմոնյանը հասկացնում է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, և եթե կարող են, թող հանեն:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: