Զարուհի Փոստանջյանը չէր փոխվել. լեզվակռիվ դատարանում /վիդեո/
ՀՀ Վարչական դատարանում Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի ԿԸՀ-ին քննելու իր դիմումը: Նշանակված ժամին հայցվորը չէր ներկայացել դատարան եւ դատավոր Կարինե Բաղդասարյանն ասաց, որ դատարանը տեղյակ չէ, թե ինչու չկա հայցվորը:
Լրագրողներից մեկը նշեց, որ տիկին Փոստանջյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ կես ժամ կուշանա: ԿԸՀ-ի նեկայացուցիչ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը նշեց, որ լրագրողի ասածը հիմք չէ եւ վարչական դատավարության 95-րդ հոդվածով հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Այնուամենայնիվ, դատավորը որոշեց կես ժամով հետաձգել դատաքննությունը:
Ի դեպ, մինչ դատական նիստն սկսելը դատավորը հայտարարեց, որ արգելվում է լուսանկարելը եւ տեսաձայնագրելը:
Դատավարությունը սկսելուց Զարուհի Փոստանջյանի բացման խոսքով, որտեղ հայցվորը պնդեց պահանջը: Նա գտնում է, որ ԿԸՀ –ն պարտավոր էր վարույթ հարուցել եւ քննարկել իր պահանջները, քանի որ ԿԸՀ-ն պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման, անցկացման համար: Մասնավորապես, ահազանգի հիման վրա, ըստ “Ժառանգության” ներկայացուցչի, ԿԸՀ-ն պարտավոր էր վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք խոչընդոտում էին իր իրավունքը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը խնդրեց մատնանշել ԸՕ այն հոդվածը, որով ԿԸՀ-ն իրավասու էր քննել տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները:
“Ես ներկայացրել ու բարձրաձայնել եմ՝ պետք է վերացվեն խախտումները”,-պատասխանեց Փոստանջյանը:
“Դուք կարո՞ղ եք ձեր ասածը մատնանշել ձեր դիմումում, տա՞մ դիմումը մի հատ ցույց տաք”,-ասաց Ն. Հովհաննիսյանը:
“Այստեղ պարոն Մուկուչյանի դերակատարությունը մի ստանձնեք: Նորից եմ կրկնում՝ ներկայացրել եմ դիմում ԿԸՀ-ին, նույնիսկ եթե իմ պահանջը հստակ սահմանված չլիներ, դուք իրավունք չունեք չարաշահեք ձեր լիազորությունները եւ մեջբերեք, իբրեւ թե իմ դիմումը պահանջ չի ունեցել: Իմ դիմումն ունեցել է բողոք, պահանջ”,-ասաց Փոստանջյանը:
ԿԸՀ-ի ներկայացուցչի այն հարցին, թե հայցադիմումով ԿԸՀ-ն ո՞ր որոշմամբ կամ գործողությամբ է խախտվել վարչական վարույթի մասին օրենքի 3-րդ հոդվածի դրույթները` Փոստանջյանն ասաց.
“Հստակ գրված է, կարդացեք հայցադիմումը, եթե չեք հասկանում, ապա…”:
Այստեղ դատավոր Կարինե Բաղդասարյանը ընդհատեց` կոչ անելով կոռեկտ լինել:
“Բոլորս այստեղ կանայք եք, եւ չեմ կարծում, թե կարիք կա վիրավորելու միմյանց”,-ասաց դատավորը:
Հաջորդ հարցերին Զարուհի Փոստանջյանը համարյա չպատասխանեց:
“Հարցրեք պ-ն Մուկուչյանին”, “Կարիք չեմ գտնում պատասխանել”,-ասում էր նա:
Դատարանը հետազոտեց ապացույցները, ավարտեց վիճաբանությունների փուլը: Որոշումը կհրապարակվի մայիսի 17-ին:
Դատական նիստից հետո էլ շարունակվեց բանավեճը կողմերի միջեւ:Դա առանց մեկնաբանության` տեսանյութում: