Ուղարկում է (վիդեո)
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը վստահ է՝ ԲՀԿ նախկին առաջնորդ, կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն ևս այդ օղակներից է պլանավորված. «Նա հեռացավ քաղաքականութւոնից Նախագահի հայտնի ելույթից հետո, եթե հայտնի ելույթից հետո հեռանում են, ապա վերադարձի համար գոնե առնվազն չունենալ սանկցիա, ուղղակի անհնար է, սա շատ պարզ, տեսանելի հանգամանք է»:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք այս գործիչները քաղաքականություն են ուղարկվում ընդդիմության ձայները խորհրդարանական ընտրություններին փախցնելու համար, քաղաքագետը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ովքեր են ընդդիմադիրներ Հայաստանում: Ընդդիմությունն իսկական ժողովուրդն է, իսկ ժողովուրդը կազմակարպված չէ, ուղղակի պրոցեսներ են՝ խայտաբղետություն ստեղծելու քաղաքական դաշտում, քաղաքական պրոցեսները վերևներից են կառավարվում ու պետք է տեսիլք ստեղծել, թե պրոցեսներ են ընթանում, թե տեսեք՝ ուժեր կան, որ վերադառնում են քաղաքականություն»:
«Հայաստանում ձևավորվել է «քաղաքական մշակույթ», երբ մարդիկ հույսը դնում են հասարակության ու ժողովրդի կարճ հիշողության վրա: Այստեղ կա նաև հասարակության խնդիրը, որովհետև հասարակությունն իրոք կարճ հիշողություն ունի: Հայաստանում ամեն ինչ տրամաբանությունից դուրս է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ խոսելով նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ ՀՀԿ-ից հրաժարվելու եւ ընդդիմադիր դաշտ վերադառնալու մասին: Նշենք, որ վերջինս հրաժարվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու ԱԺ-ում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից ու դուրս եկավ ՀՀԿ-ից:
Հարցին՝ արդյոք «Բաղրամյան 26»-ից է Դալլաքյանն ուղարկված, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորդ էլ հասկանում եք, որ քաղաքական գործընթացները Հայաստանում ամբողջությամբ կառավարվում են իշխանության վերին օղակներից»: