Հիմնական ընտրախախտումներն արել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը. տեղական դիտորդներ
“Ընտրական համակարգեր կենտրոն” ՀԿ նախագահ Վահրամ Վարդանյանը այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպամանն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններին էական խախտումներ չեն արձանագրվել:
Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական խմբերը, լրատվամիջոցները սերտ համագործակցում էին որոշ ուժերի վստահաված անձնանց եւ հանձնաժողովների անդամների հետ:
Սա գաղտնիք չէր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության համար, քանի որ ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում գտնվող Գուրգեն Արսենյանը նախապես հայտարարել էր, որ իրենց բոլոր տեղամասերում թե դիտորդներ, թե լրագրողներ կունենան:
“Եվ զգացվում էր , որ նրանք` դիտորդներն ու լրագրողները ներկայացնում էին ԲՀԿ-ն”,-ասաց Վ. Վարդանյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ Henaran.am-ը անդրադարձել էր “այլընտրանքային չլրագրողների” թեմային:
Ըստ դիտորդի` եղել են դեպքեր, որ մեկ անձի կողմից մեկից ավելի քվեաթերթիկ են փորձել գցել քվեատուփի մեջ, անգամ եղել է քվեաթերթիկների առեւանգման փորձ:
“Հետաքրքիր է, որ այս անգամ ընդդիմադիր ուժերն էլ փորձել խախտումների գնալ, մասնավորապես տեղամասերում` սադրելով մարդկանց”:
Հիմնական խախտումները, տեղական դիտորդական կազմակերպության գնահատմամբ` արել են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:
“Երիտասարդական ակումբների դաշնություն” ՀԿ նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ասաց, որ կուտակումներ են եղել տեղամասերի մոտ, ընտրական հանձնաժողովների նախագահները բավարար ուսւոցում չէին ստացել եւ օգնում էին ընտրողներին քվեարկել:
Այդուհանդերձ, ըստ բանախոսների` այս ընտրությունները կարելի է մեկ քայլ առաջ համարել դեպի ժողովրդավարություն: