Խախտումներ` կապված ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ
Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով եւ “iditord.org” կայքով տեղեկություններ են տարածվում Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված խախտումների վերաբերյալ: Մասնավորապես` “Yerkir.am” կայքը տեղեկություն է տարածել, թե “զինվորականների ընտանիքներին հորդորում են” քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, պատճառաբանելով, որ “դա ՊՆ-ի հանձնարարությունն է”, իսկ “Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված 7/17 ընտրատեղամասի առջեւ ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է բաժանվում”:
Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ պարունակում են մի շարք անճշտություններ: Նախ` Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գոյություն չունի 7/17 ընտրատեղամաս, այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում, թիվ 162 դպրոցի շենքում: Ինչ վերաբերում է նշված զինհամարանիշի մեքենային, ապա դրա վարորդ Խաչատուր Էդուարդի Սարգսյանը հաշվառված է Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գտնվող թիվ 3/17 ընտրատեղամասում, որտեղ եւ այսօր` մայիսի 5-ին, կատարել է իր քաղաքացիական պարտքը:
Երեւանի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ չճշտված, անհասցե եւ անհիմն “ահազանգերը” դիտարկվում են որպես ապատեղեկատվություն եւ համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից:
ՀՀ պաշտպանության նախարարություն