“Մատներդ կջարդենք, քեզ կտանենք հոգեբուժարան… “
Թիվ 8/8 ընտրատեղամասում վերջին ժամերին բուռն իրադարձություններ են տեղի ունենում: ՀՀԿ-ի կողմից հանձնաժողովի անդամ Սուրեն Իսրայելյանը հայտնեց, որ Թրանսփարենսի ինտերնեյշնլ կազմակերպության կողմից դիտորդ ներկայացված Գրիգորյան Ռուզաննան խոչընդոտում է տեղամասի բնականոն աշխատանքին:
“Առավոտ ժամը 8-ից ինքը քաշում ա ընտրացուցակը իմ ձեռից: Դա մենակ ես չեմ ասում, դա նկատել են նաև հանձնաժողովի մյուս անդամները: Մի քիչ առաջ էլ ասում ա` թե ոնց անենք` սադրենք, որ նյարդայնանան”:
“Թրանսփարենսի ինթերնեյշնլ” կազմակերպության դիտորդ ներկայացված Գրիգորյան Ռուզաննան Henaran.am-ի թղթակցին ասաց հետևյալը.
“Առավոտվա 7-ից գտնվում ենք տեղամասում, որտեղ բազմաթիվ ընտրախախտումներ ենք նկատել, մասնավորապես մարդիկ գոռում են, անդադար ճնշումներ են կիրառվում, մշտական բախումներ կան, օտար մարդկանց դուրս ու ելք, անընդհատ մեր նկատմամբ փորձում են ճնշում կիրառել`լրագրողների և դիտորդների:
Անձնական սպառնալիքներ են հնչում`մատներդ կջարդենք, քեզ կտանենք հոգեբուժարան, շատ ավելի կոպիտ արտահայտություններ մեր լրագրողների նկատմամբ օտար մարդկանց կողմից:
Մի քանի անգամ փորձ է արվել տեսախցիկը վերցնելու: ՀՀԿ վստահված անձինք մեկից ավելի են այս ընտրատեղամասում: Գողացել են իմ տեսախցիկի լիցքավորման սարքը, սակայն չգիտեմ` որ ուժի ներկայացուցիչ էին նրանք”: Նա հաղորդեց, որ ՀՀԿ վստահված անձ Արայիկ Գրիգորյանը ևս փորձել է խլել տեսախցիկը իրենից:
ՀՀԿ-ի վստահված անձ Աուշ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց.
“Ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց մարդիկ կան (նկատի ունի դիտորդ Ռուզաննա Գրիգորյանին-խմբ.), որ ուզում են կարծիք ստեղծել, թե չգիտեմ, ինչ է կատարվում: Երևի իրենց դուր չի գալիս, որ մարդիկ գալիս են, իրենց պարտքն են կատարում: Առավոտվանից աղմուկ է այստեղ, դիտորդն իրավունի ունի՞ բոլորին դիտողություն անի: Ասենք ես այստեղ կանգնած եմ, կարո՞ղ է գալ ինձ դիտողություն անել”: