15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը գլոբալացման դարաշրջանում կարող է դառնալ նոր կապող օղակ,,. Հ. Նաղդալյանի ելույթը` Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովում

Սեպտեմբերի 19-ին Չինաստանի Ուրումչի քաղաքում սկսվել է ՛՛Կանանց աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորությունները և մարտահրավերները՛՛ կանանց առաջին համաժողովը Մետաքսի ճանապարհի երկրների համար: Համաժողովին մասնակցում է և Հայաստանի պատվիրակությունը, որի ղեկավարն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Համաժողովում ելույթ ունենալով՝ նա կարևորեց, որ Ուրումչիում կայանում է առարկայական, շահագրգիռ խոսակցություն` ժամանակակից աշխարհում կնոջ տեղի ու դերի մասին, քննարկվում են տնտեսական զարգացման գործում կանանց ներդրումն ու մարտահրավերները, որ ծագում են կանանց առաջ: Նրա գնահատականով՝ համաժողովը առանձնահատուկ է բազմաթիվ առումներով: Նախ՝ իր աշխարհագրական ընդգրկումով՝ միավորելով Մետաքսի ճանապարհի երկայնքով բազմաթիվ երկրների ներկայացուցիչների՝ համաժողովը ոչ միան կարևոր պլատֆորմ է՝ քննարկելու տնտեսության մեջ կանանց տեղն ու դերը, այլև հնարավորություն է տալիս քննարկել կողմերի համագործակցության հեռանկարները՝ ելնելով համաժողովի մասնակիցների կազմից: Տիկին Նաղդալյանն ընդգծեց և համաժողովի ներկայացուցչականությունը՝ մարդիկ, որ պատրաստ են կառուցողական երկխոսության աշխարհի տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների, կին ձեռներեցների, փորձագետների գիտնականների հետ: Նրա գնահատականով՝ համաժողովում ձեռքբերված կապերն ու պայմանավորվածությունները գործնական մեծ նշանակություն ունեն, նոր հեռանկարներ են բացում համագործակցության հնարավորությունների մեծացման համար: Համաժողովի թեման՝ ՛՛Կանանց աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորությունները և մարտահրավերները՛՛, նրա գնահատմամբ չի կորցնում արդիականությունը հասարակական հարաբերությունների զարգացման մեջ:  XX, առավելևս XXI դարերը իրապես դարձել են “կանանց ժամանակ՛՛, երբ կանայք կրթվելու, տնտեսական, սոցիալական ու քաղաքական գործընթացներին մասնակցելու մեծ հնարավորություններ են ստացել: Այդ գործընթացը կասկածի տակ է դրել ձևավորված կարծրատիպը՝ քաղաքականությունը տղամարդկանց համար է, ընտանիքը՝ կանանց:

Իր ելույթում Աժ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նոր հազարամյակի մարտահավերներին՝ ահաբեկչություն, փախստականներ, հումանիտար ճգնաժամեր, տարածաշրջանային զինված կոնֆլիկտներ ու պատերազմներ, ընդգծելով, որ կանանց, որոնք երեխաներ են ունենում ու պահում, դաստիարակում նրանց, չի կարող չմտահոգել մարդկության ապագան: Ճգնաժամային ալիքների կրկնությունը հնարավոր է բացառել միայն ֆինանսատնտեսական գլոբալ համակարգի նորացմանն ուղղված միջազգային հանրության համակարգված գործողություններով: ՛՛Դուք երբեք չեք կարողանա լուծել ծագած խնդիը, եթե պահպանեք նույն մտածողությունն ու նույն մոտեցումը, որ ձեզ հանգեցրել են այդ խնդրին՛՛՝ հիշեցրել է Հերմինե Նաղդալյանն Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը: ՝

Անդրադառնալով կանանց խնդիրներին՝ նա արձանագրել է, որ կանանց մասնակցությունը հասարակական կյանքին ցածր է և բնավ չի համապատասխանում բնակչության և աշխատուժի մեջ նրանց մասնաբաժնին: Եթե կանայք կարողանան տղամարդկանց հետ հավասար մասնակցել տնտեսական գործունեությանը, հնարավորություն ունենան լիովին օգտագործել իրենց ինտելեկտուալ ու ստեղծագործական ներուժը, դա դրական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա: Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ Չինաստանը աշխարհի առաջատար երկրներից է, մեծ ազդեցություն ունի ոչ միայն համաշխարհային քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա, այլև անշեղորեն աջակցում է համաշխարհային գենդերային շարժմանը իր առավել առաջատար, հավասարակշիռ ու ժամանակակից ձևերի մեջ: Աշխարհը Չինաստանին է պարտական Պեկինյան պլատֆորմի համար՝ անցյալ դարը փակվեց ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված Կանանց համաշխարհային կոնֆերանսով, որ տեղի ունեցավ Պեկինում, 1995-ին: Պեկինյան պլատֆորմը սահմանում էր կանանց հնարավորությունների մեծացում և հավասարության սկզբունքով՝ նրանց համակողմանի մասնակցություն հասարակության կյանքի բոլոր ոլորտներին, ներառելով որոշումների ընդունումը և մուտքը իշխանություն: Անցած 20 տարիներին, սակայն, դեռ շատ հարցեր մնացել են չլուծված: Մասնավորապես՝ կանանց ռեալ հավասարության համար կարևորագույն հարց է տնտեսական հավասարությունը, տնտեսական անկախությունը, աշխատանքի իրավունքի իրացումը ընտրված ոլորտում, ընտանեկան ու մասնագիտական պարտականությունների համադրման հնարավորությունը:

Մանրամասն վերլուծելով կանանց զբաղվածության խնդիրները համաշխարհային տնտեսության մեջ և փոփոխությունների հեռանկարները՝ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ուրումչիի միջազգային համաժողովում իր ելույթում կարևորել է խաղաղությունն ու կայունությունը աշխարհում, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների գերակայությունը, տարածաշրջանայի համագործակցության ամրապնդումը: Նրա գնահատականով՝ աշխարհում ընդլայնվում է համագործակցությունը, ուժեղանում են ինտեգրացիոն գործընթացները: Այդ համատեքստում ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը գլոբալացման դարաշրջանում կարող է դառնալ նոր կապող օղակ համաշխարհային զարգացման համար: Մետաքսի մեծ ճանապարհը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ նշանակալից ձեռքբերումներից է, եղել է ոչ միայն պատմական եևույթ, այլև կարևորագույն դաս ապագայի համար: Քարավանային ճանապարհների բազմաճյուղ ցանցը հատում էր Եվրոպան ու Ասիան՝ Միջերկրականից մինչև Չինաստան ու կարևոր միջոց էր ոչ միայն առևտրական կապերի համար, այլև մշակութային ու տնտեսական կամուրջ էր Արևելքի ու Արևմուտքի միջև՝ միավորելով ժողովուրդներին խաղաղության ու համագործակցության իրենց ձգտումների մեջ: ՛՛Չին մեծ մտածող Լաո Ցզին ասում էր. ՛՛Ունակ եղիր իմանալ սկիզբը և անցյալի ճանապարհը ու այդ գիտելիքը քեզ թույլ կտա տեսնել դեպի այսօրը բերող ուղեցույց աստղը՛՛: Այս պարզ հորդորի մեջ խոր, փիլիսոփայական իմաստ կա: Տնտեսական գլոբալացման ալիքի վրա Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին մեծ ընկալում ունեցավ աշխարհում: Գտնվելով Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը հազարամյակներով կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջև և պատմական Մետաքսի ճանապարհի անքակտելի մասն է կազմել: Պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է նախագահ Սի Ձինպինի՝ ժողովուրդներին միավորող ճանապարհի վերականգնման առաջարկը՛՛՝ ընդգծել է Հերմինե Նաղդալյանը և ակտիվ կանանց կոչ արել համատեղ գործել՝ Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման համար: Ժամանակակից կանայք ոչ միայն պահպանում են կարևորագույն հոգևոր արժեքները, այլև նյութական արժեքներ են ստեղծում: Հենց կանանց ռեսուրսն է այսօր համաշխարհային տնտեսության զարգացման առանցքային գործոնը: Կանայք մեծ ուշադրություն են դարձնում բիզնեսի սոցիալական ու բարոյաէթիկական կողմին, նախընտրում են «չափավոր պահպանողականությունը»՝ շեշտադրելով կայուն գործարար ռազմավարությունները:

՛՛Հայաստանում մեր ելակետն է, որ ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը ոչ քիչ չափով կախված է կանանց դիրքորոշումից, նրանց ակտիվ մասնակցությունից քաղաքական ու տնտեսական կյանքին: Սահմանադրությամբ հայտարարված սեռերի հավասարությունը, կրթական մակարդակի բարձրացումը կարևոր դեր են խաղում: Այսօր Հայաստանում կանայք ձգտում են համատեղել  մասնագտական ու ընտանեկան պարտականությունները և այդ միտումը աճում է: Կանայք Հայաստանում աշխատունակ բնակչության համարյա կեսն են: Հատկապես վերջին տարիներին, երբ որոշակի աշխատանք է տարվում ձեռներեցության զարգացման ու աջակցության ուղղությամբ: Տարեցտարի ակտիվանում է պետական աջակցությունը ձեռներեցությանը, այդ թվում՝ կին ձեռներեցներին: Ակտիվ քայլեր են արվում՝ խրախուսելու կանանց մասնակցությունը երկրի տնտեսական զարգացմանը, նորարարությանը, գյուտարարությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարեգործությանը: Մեր երկրում կանայք տղամարդկանց հավասար մուտք ունեն կրթության բոլոր մակարդակներում, բարձրագույն կրթություն ունեցող կանանց մասնաբաժինը շատ բարձր է; Կան մասնագիտություններ, որտեղ կանայք ունեն ճնշող ներկայություն՝ ավանդաբար այդ ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, սպասարկման ոլորտը: Վերջին տարիներին մեծանում է երիտասարդ կանանց հակվածությունը՝ կրթություն ստանալ բիզնեսի, իրավունքի, ֆինանսաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում:

Այսօր Հայաստանում իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց արդյունքում պետք է մեծանան տարանցիկ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով: Հայաստանը ոչ միայն տարանցիկ երկրի առավելություններն ունի, այլև՝ երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Հայաստանը ԱՊՀ-ում առաջատար է իր տնտեսության ազատության մակարդակով և շուկայական օրենքների կիրառման մակարդակով: Դա են ապացուցում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հրապարակած վարկանիշները: «Դուինգ Բիզնես -2016»-ի միջազգային տարեկան վարկանիշային զեկույցի համաձայն՝ աշխարհի 189 երկրների մեջ Հայաստանը 35-րդն է: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր հնարավորություններ է բացում մեր առաջ:

Ես հավատում եմ, որ մեր դարը լինելու է սոցիալական գործընկերության, իրական սոցիալական համաձայնության դար, որի հիմքերը դրվում են հիմա, այսպիսի հանդիպումներում: Հույս ունեմ, որ նման համաժողովները կշարունակվեն և հնարավորություն կտան բացահայտել կանանց գործարար տաղանդը Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտում, համագործակցության հնարավորություններ գտնել հանուն համատեղ աշխատանքի և տնտեսական բարգավաճման:

Ապագայի մեր ծրագիրը միանշանակ է՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների իրականացում, տնտեսության և սոցիալական կյանքի կառուցվածքայն բարեփոխումները պետք է ուղեկցվեն հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հասարակության ստեղծումով՝ հաշվի առնելով կանանց ու տղամարդկանց շահերը՛՛՝ ասել է ԱԺ փոխնախագահը Ուրումչիում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երկրների առաջին համաժողովում:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ