Հայաստանում արդեն գրեթե բոլորն էլ գիտեն
Հայաստանում արդեն գրեթե բոլորն էլ գիտեն, որ երկրում առկա խնդիրներն ունեն խորը համակարգային բնույթ: Գրեթե բոլորն էլ գիտակցում են, որ քանի դեռ չի փոխվել ինստիտուտների բնույթը, քանի դեռ կրիմինալը, կոռուպցիան ու մոնոպոլիան շարունակում են մնալ հասարակական-քաղաքական հարաբերությունները կարգավորող ինստիտուտներ, անձերի տեղափոխությունը ոչ միայն ի զորու չի լինելու փոխելու այդ ամենը, այլև կարող է նույնիսկ խնդիրները խորացնել՝ դրանցում ներգրավելով նոր խաղացողների, հետևաբար՝ նոր «որակներ» ու ռիսկեր:
Այլևս անհնար է մարդկանց համոզել հակառակում. բոլորն էլ շատ լավ տեսնում, զգում ու հասկանում են քարոզչությունն էլ, գովազդն էլ, ու արդեն շատ դժվար է այդկերպ հասարակական կարծիք ձևավորել: Եվ սա լավ է, լավ է նաև այն առումով, որ քաղաքացիական գիտակցությունն արդեն գերազանցում է էլիտաների գիտակցությանը, իսկ պահանջներն էլ՝ որակներին: Դրա համար էլ էլիտաները փորձում են փոխվել, փորձում են հանրային պահանջներին ինչ-որ չափով բավարարում գտնել: Բայց, ինչպես նշվեց, դա այևս չի աշխատում, քանի որ մարդկանց քաղաքական գիտակցությունն ավելի բարձր է, քան կիրառվող մեթոդները: Այնպես որ, վաղ, թե ուշ պետք է գնալ համակարգը կործանող ինստիտուտների փոփոխության:
Ի դեպ, եթե նախկինում քաղաքական մասնակցությունն էր գերազանցում քաղաքական գիտակցությանը, ապա այսօր արդեն հակառակն է: Իսկ երբ մասնակցությունն առաջնորդվում է գիտակցությամբ, ապա այդպիսի մասնակցությունը շատ բաներ կարող է փոխել:
Արման Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը