26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Հայացք” երիտասարդական կինոփառատոնը մեկնարկեց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմով

Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց “Հայացք” երիտասարդական կինոփառատոնը։   

Առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարժամետրաժ ֆիլմեր՝ Արթուր Օրդյանի “Հովվերգություն” վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային “Սպասասրահում” ֆիլմը, Սոնա Խաչատրյանի “Երանելի օրեր”, Գուժ Թադևոսյանի “Մարգար պապը”, Զավեն Գրիգորյանի “Մեր Մարինե”, Գառնիկ Խչոյանի “Հանդիպում խաչքարի մոտ” և այլ ֆիլմեր։  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ կինոփառատոնի նպատակը երիտասարդ ստեղծագործողների զարգացմանը նպաստելն է, նրանց ինքնադրսևորման հարթակ տրամադրելը։

“Մեր նպատակն այս ոլորտի զարգացումն է, և դրա լավագույն ճանապարհն առկա գործընթացների մեջ նոր սերնդի ներգրավումն է։ Ուրախալի է, որ կան երիտասարդ, շնորհալի ստեղծագործողներ, և մենք պետք է նրանց կողքին լինենք”,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ այս փառատոնն ունենալու է շարունակական բնույթ։

“Հայացք” երիտասարդական կինոփառատոնի հեղինակ Սերգեյ Սանոյանը նշում է, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է նոր ու հետաքրքիր, ինչու չէ, մասամբ անհասկանալի ու ըմբոստ կինոնկարների ականատեսը դառնալու, ինչպես նաև ծանոթանալու և շփվելու երիտասարդ ստեղծագործողների հետ։

“Երիտասարդական կինոփառատոները մեծ կինո, մեծ էկրան մուտք գործելու, ինչպես նաև առաջին աշխատանքը, առաջին ֆիլմը ցուցադրելու հնարավորություն են տալիս”,- ասաց կինոգետ, արվեստագիտության թեկնածու, ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը:

Փառատոնի բացման արարողությանը տեղի ունեցավ “Միասին աշխարհում” ոչ մրցութային ֆիլմի պրեմիերան։ Այն նկարահանվել է Ուրուգվայում և պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի, այստեղ ապրող հայկական համայնքի մասին։

“Միասին աշխարհում” ֆիլմի ռեժիսորը Ռուբեն Գևորգյանց կրտսերն է, հեղինակ և պրոդյուսերը՝ Սերգեյ Սանոյանը։ Ինչպես տեղեկացրեց Ս. Սանոյանը, “Միասին աշխարհում” ֆիլմը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից ընտրվել և ներկայացվելու է Կաննի փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում։

Երիտասարդ հեղինակները հույս ունեն, որ իրենց ֆիլմը նույնպես կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։  

“Հայացք” երիտասարդական կինոփառատոնում ժյուրին մրցանակներ կշնորհի 4 անվանակարգում՝ ՙԼավագույն ռեժիսոր՚, ՙԼավագույն օպերատորական աշխատանք՚, ՙԼավագույն ֆիլմ՚, ՙԼավագույն մտահղացում՚։

Նշենք, որ “Հայացք” երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ