27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լրտեսներ, մատնիչներ եւ կրկնակի գործակալներ Բոստոնի մարաթոնի պայթյուններում

Բոստոնի մարաթոնի պայթյունների տարօրինակ հանգամանքներն ու կասկածելի անուններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանին կառավարության պաշտոնյաների եւ լրագրողների կողմից:

 

Առավել առեղծվածային անձնավորությունը “Միշան” է, ում Բոստոնի պայթյունների հեղինակների հորեղբայր Ռուսլան Ցարնին ներկայացրել է որպես իսլամացած մի հայ, որն իբր “լվացել” է կասկածյալ Ցարնաեւ եղբայրներից ավագի՝ Թամերլանի ուղեղը եւ նրան դարձրել արմատական: Ռուսլանը “Միշային” բնութագրել է որպես խոշոր կազմվածքով, ճաղատ եւ երկար շիկամորուսով մի դիվահալած:

 

Սկզբում ոչ ոք չէր կարողանում գտնել “Միշային”: Մինչ Թամերլանի հետ նրա ենթադրյալ կապն ու հայկական ծագումը բազմիցս հայտնվեցին ու հիշատակվեցին լրատվամիջոցներում, իշխանություններից տասն օր պահանջվեց հայտարարելու համար, որ իրենք գիտեն, թե ով է “Միշան”, եւ նա կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ:

 

Անցյալ կիրակի “Նյու Յորք Ռիվյու oֆ Բուքս” երկշաբաթաթերթի լրագրող Քրիստիան Քերիլին վերջապես հաջողվեց գտնել եւ հարցազրույց ունենալ աներեւութացած “Միշայի” հետ, Ռոդ Այլենդում գտնվող նրա տանը: Անգամ այն բանից հետո, երբ Քերիլը բացահայտեց, որ “Միշան” Բաքվից է, հայ հոր եւ ուկրաինացի մոր զավակ, եւ նրա ազգանունը Ալախվերդով է, լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել նրան միայն որպես “հայ”: Հատկանշական է, որ ոչ Քերիլը, ոչ էլ մեկ ուրիշը չի նշել, որ քրիստոնեական “Միշա” կամ “Միքայել” անունը չի կարող մահմեդականի անուն լինել: Բացի այդ, Խորհրդային Միության փլուզումից հետո, բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում դիմել են ապաստանի հայցով՝ իրենց ներկայացնելով որպես հալածված հայ քրիստոնյաներ: Շատ տարօրինակ է, որ ենթադրյալ քրիստոնյա “Միշան” փախչելով Բաքվի իսլամական հետապնդումներից, Ամերիկայում կրոնափոխ է եղել:

 

Հետաքրքիր է, Քերիլը հաղորդում է, որ “Միշան” ոչ մի կապ չունի Բոստոնի պայթյունների հետ, այսինքն հենց այն, ինչն ավելի վաղ հայտարարել էին պետական քննիչները: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները Քերիլի համար կապ էին ստեղծել “Միշայի” հետ, որպեսզի հաստատեն նրա անմեղության վերաբերյալ իրենց հայտարարությունը, ինչը թույլ է տալիս որոշ վերլուծաբանների ենթադրել, որ հնարավոր է “Միշան” եղել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրազեկիչ, որի քողարկումն այժմ եռանդուն կերպով պաշտպանվում է:

 

Հաջորդ կասկածյալը հորեղբայր Ռուսլանն է, որը մեղադրում է “հայազգի Միշային” Թամերլանի վրա ունեցած հզոր ազդեցության համար: Ռուսլանն ունեցել է շատ խայտաբղետ անցյալ՝ աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման բաժնում եւ Կասպից ծովի մի շարք էներգետիկ ընկերություններում, այդ ընթացքում ամուսնացած լինելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բարձրաստիճան պաշտոնյա Գրահամ Ֆուլերի դստեր՝ Սամանտա Անկարա Ֆուլերի հետ: Հաշվի առնելով Ռուսլանի ազգակցական կապը պայթյունների հեղինակների ընտանիքի հետ, նրա աշխատանքը Կենտրոնական Ասիայի նավթային ընկերություններում, ներառյալ Halliburton-ում, ինչպես նաեւ ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյայի դստեր հետ ամուսնացած լինելու հանգամանքը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ առեղծվածային հորեղբորը պետք է ավելի մոտիկից հետաքննել:

 

Անցյալ շաբաթ հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսը CNN գործակալության եթերում խստորեն քննադատեց Ռուսլան Ցարնիին, առաջարկելով, որ “մեկը պետք է ստուգման ենթարկի այս հորեղբոր սթափությունը, քանզի, ես կարծում եմ, որ այս մարդը ինչ-որ բանի ազդեցության տակ է”: Կիրակոսը ցասման մեջ էր, որովհետեւ Ռուսլանը Բոստոնի պայթյունները կապել էր “հայազգի Միշայի” հետ այն ժամանակ, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այնուհետեւ Ռուսլանը փորձել էր հեռախոսով կապվել Կիրակոսի հետ, ցանկանալով “հստակեցնել” իր ավելի վաղ արած հայտարարությունը, սակայն Կիրակոսը մերժել էր ընդունել նրա զանգը: 

 

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը հավաքագրված է եղել ռուսական գաղտնի ծառայությունների կողմից՝ չեչեն ծայրահեղականներին լրտեսելու համար, անցյալ տարի Չեչնիայում եւ Դաղստանում նրա անցկացրած վեց ամիսների ընթացքում: Հնարավոր է, որ ռուսական գաղտնի ծառայությունները, ՀԴԲ-ին եւ ԿՀՎ-ին տեղեկացնելով իսլամիստական խմբերի հետ Թամերլանի ունեցած կապերի մասին եւ բավարար պատասխան չստանալով Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, գործը վերցրել են իրենց ձեռքը եւ հավաքագրել գործազուրկ ու կարիքավոր չեչեն երիտասարդին Ռուսաստանում նրա երկարատեւ այցելության ընթացքում: 

 

Այլ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը եղել է Միացյալ Նահանգների կառավարության իրազեկիչը: Նման ենթադրությունն ավելի արժանահավատ է, քան թե այն, որ ՀԴԲ-ը եւ ԿՀՎ-ն ի զորու չեն եղել կամ շատ զբաղված են եղել Թամերլանի անցյալի մանրակրկիտ հետաքննությունն անցկացնելու համար, երբ ռուսական գաղտնի ծառայությունները նրանց ուշադրությունը հրավիրել են Թամերլանի անվան վրա: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ լավ գիտեին Թամերլանին եւ հնարավոր է նույնիսկ խրախուսել են նրա այցը Ռուսաստան՝ որպես իրենց լրտես ջիհադական շրջանակներում:

 

Վերջապես, կան նաեւ այնպիսի վերլուծաբաններ, որոնք կարծում են, թե ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Թամերլանը դավաճանեց թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան հետախուզական ծառայություններին, փոխարենը որոշելով աջակցել արմատական իսլամիստական խմբավորումներին՝ “Իրաքում եւ Աֆղանստանում Միացյալ Նահանգների պատերազմների նկատմամբ զայրույթից դրդված”՝ ըստ նրա կրտսեր եղբայր Ջոխարի՝ բանտում արած խոստովանության:

 

Իհարկե, տարբեր վերլուծաբանների կողմից առաջ քաշված այս ենթադրությունները՝ հիմնված նախնական տեղեկատվության վրա, ակնկալում են համակողմանի հետաքննություն Կոնգրեսում՝ իրական փաստերը բացահայտելու համար: Բոստոնի պայթյուններից սպանված եւ խեղված ամերիկացիներն արժանի են անկեղծ պատասխանի:

 

 

Հարութ Սասունյան`

 

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ