Օպերայի թատրոնի նորամուտի գալա-համերգին մասնակցեց Հայաստանի նախագահը /վիդեո, ֆոտո/
8-ամսյա վերանորոգումից հետո այսօր պաշտոնապես շահագործման հանձնվեց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը:
Լրագրողներին հետ զրույցում թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը ասաց, որ վերանորոգման եւ բեմի արդիականացման աշխատանքների վրա ծախսվել է մոտ 8 միլիոն եվրո: Նրա խոսքով, հիմա արդեն Երեւանն ունի համաշխարհային չափանիշներին համապատասխանող օպերայի եւ բալետի թատրոնի բեմ: Մասնավորապես, արդիականացվել են մեխանիկական համակարգի շարժիչները, փոխվել համակարգերը, ճոպանաճախարակային բոլոր հանգույցները, եւ այդ ամենը` նոր համակարգչային կառավարման ներդրմամբ: “Ներկայացումների մեխանիկական բոլոր ծրագրերը կարող են պահպանվել առանց հիշողության թարմացվելու”, – ասաց նա:
Լիովին փոխվել են ձայնահնչյունային եւ լուսային համակարգերը: Ավելացել է շուրջ 400 լուսարձակ, համակարգերը արդիականացվել են նոր սերնդի տեխնիկայով, ուժեղացուցիչներով, բարձրախոսներով, տարաբնույթ խոսափողներով` երաժշտական գործիքներով:
Բեմի վերազինման աշխատանքները ֆինանսավորած Ավստրիայի կառավարության միջնորդությամբ իրականացրել է ավստրիական “Վագներ-Բիրո Աուստրիա Ստեյջ Սիստեմս Էյ Ջի” կազմակերպությունը, որը նման գործունեության 150 ամյա փորձ ունի` Լոնդոնի, Վիեննայի, Սիդնեյի, Մոսկվայի, Կոմենհագենի եւ այլ քաղաքների թատրոններում:
Այսօր կայացավ նորամուտի գալա համերգը, որին մասնակցեցին թատրոնի նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը, մեներգիչներ:
Համերգին երկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` տիկնոջ հետ, գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, դեսպաններ: