Ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղ կարգավորման. Է. Նալբանդյան
“Ադրբեջանական կողմը հրաժարվում է աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքներով, պարզապես պատրաստ չէ ընդունել Մինսկի խմբի համանախագահների` Հիմնարար սկզբունքներով աշխատելու առաջարկները, որոնք երկար տարիների ջանքեր են: Դրանք հարթեցվել են նախագահների եւ նախարարների բազմաթիվ հանդիպումների ընթացքում”,-այս մասին “ИТАР-ТАСС”-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար ԷդվարդՆալբանդյանը:
“Առաջին հերթին ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների`ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Երբ դու գալիս ես գործնականում արդեն պատրաստ տեքստի 10 նոր փոփոխություններով, ինչպես որ արեց ադրբեջանական կողմը Կազանի գագաթաժողովին, ապա դա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է հակամարտության կողմերի նկատմամբ, այլ նաեւ միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների: Եվ դա առաջին անգամը չէր: Նույնը կրկնվել է նաեւ նախորդ հանդիպումներին”,-նշել է Նալբանդյանը:
Նախարարի խոսքով` ադրբեջանական կողմը ոչ միայն հրաժարվում է կարգավորման սկզբունքներից, այն մերժում է միջնորդների առաջարկը` հրադադարի ռեժիմի ամրացման, դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, միջադեպերի հետաքննություն անցկացնելու մեխանիզմներ ստեղծելու մասին:
“Հաշվի առնելով Բաքվից հնչող սպառնալիքները, ռազմական, թշնամական հռետորաբանությունը, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումը, սադրանքները, երբ Ադրբեջանը բացեիբաց պատրաստվում է պատերազմի, իրավիճակը իսկապես բարդ է: Չնայած միջազգային հանրությունը, համանախագահ երկրների նախագահները, խոսել են ուժի կիրառման անթույլատրելիության, խաղաղ կարգավորման այլընտրանքի մասին, Բաքվում որոշել են, որ կարող են ուշադրություն չդարձնել այդ կոչերին: Դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղ կարգավորման: Կարծես թե փողը պտտեցրել է նրանց գլուխը: Նրանք նոր ծրագրեր են մշակում, որոնք կարող են վատ հետեւանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ առաջին հերթին Ադրբեջանի համար”,-շեշտել է Նալբանդյանը: