Ինչ են իրարից ուզում ՀՀԿ-ի մեծերն ու ջահելները. Առավոտ
Դեռ անցած տարվա սկզբներից` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախապատրաստական փուլերից, սկսեցին խոսակցություններ շրջանառվել` ՀՀԿ-ում` երիտհանրապետականներ եւ տարեցների հակասությունների մասին: Այդ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ակտիվանում են, նոր երանգներ ու դրսեւորումներ ստանում:
Մասնավորաբար, վերջերս մամուլում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի ավագանու ՀՀԿ-ի շտաբում եւս երիտասարդներն ամեն ինչ իրենց ձեռքն են վերցրել` անուշադրության մատնելով ավագների կարծիքը, մոտեցումները եւ հորդորները:
Երեւանի ավագանու ՀՀԿ-ի շտաբի աշխատանքներում ներգրավված Մկրտիչ Մինասյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում նախ հումոր արեց` “հիմա ես որո՞նց մեջ եմ”, ապա ինքն էլ պատասխանեց իր հարցին. ”Ես տարեցների մեջ ամենատարեցն եմ, երիտասարդների մեջ` ամենաերիտասարդը, բայց ես նման հակասություններ չեմ տեսել: Չկա նման բան:
Կարող է՝ որոշ մարդկանց մոտ ցանկություներ կան, որ էդպես լինի, բայց ես իրավիճակին տիրապետում եմ եւ նման բան չեմ տեսնում”: Հետաքրքրվեցինք` իբրեւ շտաբի աշխատանքներում ներգրավված անձ, երբեւէ իրեն անտեսված, իր կարծիքն արհամարված չի՞ զգացել, որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասում` ծուխն առանց կրակ չի լինում:
“Ես, Ռազմիկը Զոհրաբյան, Գագիկը Մելիքյան, ով կարծեմ երիտասարդ չի, չէ՞, շտաբի աշխատանքներում ներգրավված ենք եւ այդ աշխատանքների ամենօրյա մասնակիցներից ենք: Մենք շտաբում լիարժեք դերակատարում ունենք, մեր կարծիքը միշտ էլ հաշվի է առնվում:
Ասեմ, որ շտաբը կառավարվում է շատ դեմոկրատական սկզբունքներով, բոլոր ոլորտների հետ կապված հարցերը լսվում են, քննարկվում, ուսումնասիրվում եւ ընթացք տրվում: Ի՞նչ մասին է խոսքը` չեմ կարողանում հասկանալ: Ինչ-որ մարդկանց մտքի վարժանքն է կամ էլ ինչ-որ մարդիկ ցանկանում են, որ էդպես ներկայացվի, բայց, իրականում, նման բան չկա”:
Հետաքրքրվեցինք` որոշումները կայացնելու հարցում տարեց ՀՀԿ-ականների, թե՞ երիտասարդների կարծիքն է դոմինանտ լինում: Մեր զրուցակիցը կրկնեց, որ քննարկումները դեմոկրատական սկզբունքով են լինում եւ դոմինանտը լինում է այն կարծիքը, որն այդ պահի առավել ճիշտ է:
Նա հատուկ ընդգծեց, որ շտաբի պետի կողմից առանձնահատուկ վերաբերմունք կա ավագ գործընկերների նկատմամբ, քանի որ նրանք նաեւ փորձառու են ու ինքն այդ առանձնահատուկ վերաբերմունքն իր նկատմամբ զգում է ամեն օր: Հիշեցնենք, որ ՀՀԿ ավագանու շտաբը ղեկավարում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: