23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»

Այսօր Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոս, կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է… ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ․․․
Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսները հայրենիքի խաղաղության ու բարօրության համար տվեցին ամենաարժեքավորը` կյանքը: Նրանք գիտակցաբար դեմ ելան թշնամուն, որպեսզի հայը կրկին չզրկվի հայրենիքից, ապրի արժանավայել ու խաղաղ: Կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԿՈՍՅԱՆՆ այս գիտակցումով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շտապեց մարտի դաշտ` թշնամու պիղծ ձեռքը չպետք է հասներ Արցախի սուրբ հողին, մարտնչել էր պետք:
«Գիշերվա ժամը 3-ն էր: Արթնացա պատուհանի թակոցից: Հովսեփին հանեցի քնից, նա դուրս եկավ ու, վայրկյաններ անց, հետ վերադարձավ տուն: Անհանգիստ էր: Միայն մի բան ասեց՝ «Երեխեքի շորերը հագցրու, իջեք նկուղ»: Չհասցրեց անգամ ինձ օգնել, որ երեխեքի շորերը հագցնեմ: Ինքն արագ հագնվեց ու դուրս եկավ տանից: Չեմ հիշում, թե ինչ վիճակում մեծ տղայիս շորերը հագցրեցի, փոքրին էլ, վերմակով ծածկած, գրկեցի ու վազեցինք նկուղ:
– Կարճ ժամանակ անց Հովսեփը վերադարձավ, արագ հագավ դաշտային համազգեստը, մեզ հաջողություն մաղթեց ու գնաց… այդ ընթացքում միայն հասցրեց ասել, որ երեխեքի հետ փախնեմ տանից: Ասացի՝ «Հովսեփ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց…»,- պատմում է Հովսեփի կինը – …. Մարիամին՝ երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել: – Երբ հասանք Մարտակերտ, Հովսեփը զանգեց, ասացի, որ այնտեղից մեքենան պետք է փոխենք ու գնանք Ստեփանակերտ՝ մեր աղջիկներից մեկի սկեսրոջ տուն: Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետեւից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է…»: – Հետո Մարիամի համար մի նոր ու անհասկանալի իրավիճակ պետք է ստեղծվեր՝ ինչո՞ւ է ամուսնու հեռախոսն անջատած, իսկ ընկերները, որոնք մինչ այդ նրա կողքին էին, ասեին, թե հեռու են նրանից ու հեռախոսը չեն կարող փոխանցել կապիտանին: Հովսեփն այդ ընթացքում հասցրել էր զանգել նաեւ Արմավիրում գտնվող եղբորը՝ ասելով, որ «շուտ հասնի Արցախ՝ կնոջն ու երեխաներին փրկելու»: – Ծառայակից ընկերները պատմում են՝ 25 զինվորին թողնելով խրամատում՝ կապիտան Կիրակոսյանը դուրս է եկել բաց դաշտ՝ հակառակորդի հետ կռվի, որի ժամանակ էլ վիրավորվել է: Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ արնահոսող Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: Մարտի ընթացքում Կիրակոսյանի 25 զինվորից երկուսը վիրավորվել են, որոնց վիճակն այս պահին կայուն է գնահատվում: – Հիմա ընկերը Մարիամին ու Հովսեփի ծնողներին շարունակ մի բան է ասում՝ «Կներեք, որ չկարողացանք փրկել նրա կյանքը: Մինչեւ վերջ ասաց, թե ինքը լավ է, մենք պետք է շարունակենք կռիվը»:
«Չորս օրվա պատերազմն արցախյան առաջին պատերազմից ավելի դաժան թվաց: Ամեն օրն ասես մի տարի լիներ: Չեմ պատկերացնում, թե ինչ բարձր պատասխանատվության զգացում պետք է ունենա սպան զինվորի ծնողի առջեւ, որ իր կնոջն ու երեխաներին օգնել չհասցնի՝ մտածելով, թե զինվորի ծնողների աչքերին պետք է նայել կարողանա: Իմ աչքերը թաց մնացին, բայց հպարտ եմ տղայիս արածով»,-ասում է հերոսի մայրն ու հիշում, թե ինչպես են ամուսնու հետ, տարիներ շարունակ, փորձել Հովսեփին հետ պահել զինվորական դառնալու մտադրությունից…. Տեսնելով տատիկի արցունքները՝ Հովսեփի երեք տարեկան որդին՝ Գեղամը, վազում է նրա մոտ ու կրկնում տասն օրից ավել անգիր արած, բայց իր համար համոզիչ խոսքերը՝ «Տատի՛կ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա մեր հետեւից», հետո էլ պտտվում է մոր կողմն ու վստահեցնում՝ «Հոսոյի հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար չի կարողանում պատասխանել»: – Կապիտանի երեխաները սպասում են հոր վերադարձին: Երկու տարեկան Էրիկն ամեն օր, քնելուց առաջ, ասում է, թե «Երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու», առավոտյան էլ ինքն իր վրա զայրանում՝ «ինչո՞ւ ուշ արթնացավ ու Հոսոյին էլի չտեսավ»: – Էրիկի աչքերում կարոտը խեղդող ու լուսարձակող ժպիտ է հայտնվում, երբ ձեռքումս տեսնում է հոր լուսանկարները՝ «Վա՜յ, Հոսոս ա: Բա ինչի՞ է էստեղ եկել: Ինքը գնացել է թուրքերի հետ կռվելու: Ի՞նչ է անում Հոսոս…». չկարողանալով պատասխանել երեխայի հարցերին՝ փորձում եմ փակել ալբոմն ու շեղել նրա ուշադրությունը, բայց փոքրիկը զայրանում է՝ «թո՛ղ, իմ Հոսոն ա, մի՛ տար», վերցնում է ալբոմն իմ ձեռքից ու փոխարենն ինքն ինձ «խաբում» իր խաղալիք ատրճանակով…
Հովսեփի կինը վստահ է՝ եթե երեխաների մոտ մարդ լիներ, այդ պահին, առանց վարանելու, կգնար ամուսնու հետեւից: -Կիրակոսյանի՝ խրամատում կանգնած զինվորներն էլ չեն մոռանում արդեն հերոս կապիտանի հրամանը, որը դեռ երկար կհնչի այդ հողի վրա, ու, անցնելով սերնդե սերունդ, սահմանապահ զինվորին միշտ կհիշեցնի՝ «Տղերք, ես լավ եմ, դուք կռվե՛ք…-
Այսօր Արմավիրի մարզի Ապագա գյուղում՝ Հովսեփ Կիրակոսյանի ծննդյավայրում, կբացվի հերոսի հիշատակին նվիրված հուշարձան:

Արմինե Կարախանյանի գրառումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ