Չրագործության զարգացման համար
ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) 2013թ. ապրիլի 18-ին “Աջակցություն չրերի արտադրությանը” համատեղ նախաձեռնության շրջանակում Երևանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի չիր արտադրողներին ներկայացվեցին չրերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական ու որակի ստանդարտները:
Միջոցառմանը ներկա էին նաև ՓՄՁ ԶԱԿ-ի, Գյուղատնտեսության և գյուղական զարգացման կենտրոնի (CARD), “Վորլդ Վիժն Հայաստան” կազմակերպության և Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչներ:
“Հայաստանում չրերի արտադրության ոլորտում իրացումը և արտահանումն ավելացնելու մեծ ներուժ կա, եթե արտադրողները հետևեն բերքահավաքից հետո պտուղ-բանջարեղենի չորացման կանոններին և պահպանեն որակի միջազգային չափանիշները: §Մեր կողմից նշեմ, որ ՓՄՁ ԶԱԿ-ը և մեր տեղական ու միջազգային գործընկերները պատրաստ են օժանդակելու հայաստանյան չիր արտադրողներին, որպեսզի նպաստեն այդ ենթաոլորտի առաջխաղացմանը և առաջիկա տարիներին արտահանման ծավալների աճին»,- բացման իր խոսքում նշեց ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:
Միջոցառումից առաջ՝ մարտի 12-ից մինչև ապրիլի 18-ը, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ աշխատեցին չրերի արտադրության ոլորտում առկա մի շարք խնդիրների ուղղությամբ: ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների հետ՝ “Ի-Դի-Էմ-Սի”-ի միջազգային փորձագետ Ռուջերո Մալոսին, որը սննդի և ըմպելիքի արտադրության, մշակման, փաթեթավորման ոլորտում գրեթե 25 տարվա փորձ ունի, համագործակցեց տեղական արտադրողների հետ` որակի միջազգային ստանդարտներ ներդնելու համար անհրաժեշտ չափանիշների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև վերապատրաստեց չրերի արտադրության 17 մասնագետների՝ որպես դասընթացավարների:
Փորձագետը նաև մշակեց տեխնոլոգիական մոդելներ, արտադրանքը շուկա հանելու պայմանների ու ստանդարտների գործնական առաջարկությունների փաթեթ, չրերի արտադրության ձեռնարկ և ներկայացրեց իր առաջարկները չրագործական գիտելիքների կենտրոն հիմնելու վերաբերյալ:
Միջոցառման ավարտին “Դասընթացավարների վերապատրաստման” դասընթացի մասնակիցներին շնորհվեցին վկայագրեր, ովքեր գալիք ամիսներին իրենց ձեռք բերած գիտելիքը կփոխանցեն ավելի մեծ թվով չիր արտադրողների:
Որպես Հայաստանի չիր արտադրողներին աջակցության նախաձեռնության մաս՝ “Ի-Դի-Էմ-Սի”-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրում են տպագրել և տարածել մշակված չրերի արտադրության ձեռնարկը, ինչպես նաև գործակցել չրագործական գիտելիքի կենտրոնի ստեղծման հարցում: Այս ամենից բացի՝ վերապատրաստմանը մասնակցած չրագործներն այժմ կկարողանան դիմել ՓՄՁ ԶԱԿ` մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով ՓՄՁ վարկեր ստանալու համար: