Ի՞նչ է կատարվում Ռուսաստանի Հայերի միությունում

Նախօրեին` ապրիլի 17-ին “Ռուսաստանի Հայերի միությունը” հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ միությունը Երեւանի ավագանու ընտրություններում աջակցում է Հանրապետական կուսակցությանը եւ անձամբ` Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին: Սակայն այսօր` ապրիլի 18-ին, նույն միությունը մեկ այլ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հայկական ԶԼՄ-ներն իբր թե սադրել են իրենց:
“Մենք հերթական անգամ ականատես եղանք կեղտոտ սադրանքի, որը նախաձեռնել են մեզ հայտնի որոշ ընդդիմադիր շրջանակներ, որոնք կանգնել են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ հայության միասնության ճանապարհին: Ռուսաստանի հայերի միության անունից հերթական անգամ հաղորդագրություն է տարածվել: Այս անգամ խոսք է գնացել այն մասին, որ ՌՀՄ-ը Երեւանի ավագանու ընտրություններում աջակցում է Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ցանկացած մարդու` նույնիսկ ոչ բավականաչափ կրթված, առավել եւս` Հայաստանի բնակչի, հայտնի է, որ արտասահմանում, այդ թվում` Ռուսաստանում բնակվող հայերը, նույնիսկ Հայաստանի քաղաքացի լինելով` զրկված են իրենց երկրի քաղաքական կյանքին որեւէ կերպ մասնակցելու իրավունքից:
ՌՀՄ-ը չի կարող աջակցել Տարոն Մարգարյանին, չի կարող կոչ անել քվեարկել նրա օգտին, եւ բոլոր նման հայտարարությունները սադրանք են”,-ասվում է հաղորդագրության մեջ: