Ե՛ս եմ ապրում Հայաստանում, ե՛ս եմ ընտրում Նախագահին /վիդեո/
ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գլենդելում բնակվող մեր որոշ հայրենակիցների հայտարարություններին:
“Բարեկամներ, իմ վերջին գրառումներից մեկում, որը վերաբերում էր Գլենդելում ապրող որոշ մեր հայրենակիցներին եւ կապված էր սույն տեսանյութում տեղ գտած անընդունելի հայտարարությունների եւ պիտակավորումների հետ, բավական էմոցիաներ է առաջացրել: Այս առումով ցանկանում եմ պարզաբանել.
1.Այսօր, ապրելով օվկիանոսից այն կողմ եւ անհաղորդ լինելով հայաստանյան իրականությանն ու խնդիրներին, ոմանք իրենց իրավունք են վերապահում հավաքվել Հայաստանի հյուպատոսության դիմաց եւ վիրավորական արտահայտություններ թույլ տալ իմ երկրի Նախագահի հասցեին: Ե՛ս եմ ապրում Հայաստանում, ե՛ս եմ ընտրում Նախագահին, անկախ այն հանգամանքից, թե տվյալ ժամանակաշրջանում ով է զբաղեցնում Նախագահի պաշտոնը: Այո՛, շատ իմ ընկերներ քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին, նրանք դեմ են իշխանություններին, սակայն մեր հարցերը մենք լուծում ենք այստեղ՝ Հայաստանում, ապրելով եւ գործելով Հայաստանում, մեր երկրի լավն ու վատը տեսնելու իրավունքով: Ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընդդիմադիր ընկերներից որեւիցե մեկը չենք հանգրվանել օվկիանոսից այն կողմ եւ ավելի լավ կյանք գտնելով՝ չենք վատաբանում միմյանց: Մենք կարող ենք կարծիք հայտնել, բայց մեզ թույլ չեն տալիս վիրավորել եւ պիտակավորել:
2.Ես իրավունք չունեմ եւ չեմ էլ ցանկանում մեղադրել այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել գտնել իրենց հացը մեր երկրի սահմաններից դուրս: Այո՛, Հայաստանի եւ Սփյուռքի միասնությունն է, որ կարող է լուծել շատ անլուծելի թվացող խնդիրներ: Եթե կար թյուրըմբռնում, հայցում եմ Ձեր ներողամտությունը՝ հուսալով, որ կարողացա բացատրել միտքս, եւ հույս ունեմ, որ այլեւս թյուրըմբռնումների տեղիք չեմ տա”: