Կհասնեն իշխանափոխության. Րաֆֆին չլսեց
ԱԺ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր պատասխանեցին լրագրողների հարցերին: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ ապրիլի իննին իրենք մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը, որը անցել է ոչ թե օտարերկրյա հյուրերի այլ ժողովրդի ներկայությամբ: Արմեն Ռուստամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին արդյունքի հասնելու համար խորհուրդ է տվել դա անել հանգրվանային ճանապահով,սակայն վերջինս “շեղվեց այդ ուղուց”:
“Իրատեսական ճանապարհը դժբախտաբար չընդունվեց և ժողովրդի մեջ 3 զանգված ձևավորվեց` վճռական մարդիկ, որ պատրաստ էին գնալու մինչև Բաղրակյան 26, նրանք, ովքեր հետևում էին իրենց առաջնորդի հրահանգներին, մնացածը շփոթված էին` չգիտեին գնալ, թե մնալ՞,- մեկնաբանեց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով`այդ օրվա սցենարը Րաֆֆի Հովհաննիսյանինն էր, նա էլ իրականացրեց սցենարը:
Ռուստամյանը գտնում է, որ դեռ հնարավորություն կա` “տևական պայքար դաշտ ձևավորել և առաջընթաց գրանցել, միայն թե այդ ամենը նախապես պետք է մշակել”:
Արմեն Ռուստամյանը համոզված է, որ իշխանությունը երբեք կամովին զիջումների չի գնա:
”Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնար մեր մատնանշած ճանապարհով, զիջումներ կլինեին:Այն դժգոհությունը, որը մարդկանց հանել էր հրապարակ, այդ էջը չի փակվել և չի կարելի ասել, որ ամսի իննի իրադարձություններից հետո շարունակություն չի լինի: Վաղ թե ուշ ընդիմությունը գալու է այս հստակ գաղափարին: Փոփոխությունները կհանգեցնեն իշխանափոխության: Սա ոչ թե գործող ռեժիմի փոփոխություն է լինելու, այլ համակարգի”,-հավելեց ՀՅԴ ներկայացուցիչը:
“Այժմ մեր երկրին համակարգային փոփոխություններ են հարկավոր: Երեք նախագահ ենք փոխել, բայց ամեն մեկը յուրովի պահել է այս համակարգը”,-հայտարարեց Ռուստամյանը` ամենաիրատեսական փոփոխություն համարելով Երևանի քաղաքապետի ընտրությունները: “Աննախադեպ բան կլինի, եթե հաղթի ընդիմության թեկնածուն”,-եզրափակեց Երեւանի ավագանու առաջին հորիզոնականը զբաղեցնող պատգամավորը: