Մաշտոցը` Կաննից Թբիլիսի
Հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 10-ին Թբիլիսիի “Հայարտուն” կրթամշակութային կենտրոնում կազմակերպել էր “Պատմության 36 պահապանները” վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
“Պատմության 36 պահապանները” գիտահանրամատչելի, ճանաչողական, վավերագրական ֆիլմ է` համեմված գեղարվեստական լուծումներով: Ֆիլմը տալիս է բովանդակ և ամբողջական տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների և մեր պատմության ամենակարևոր էջերից մեկի` հայոց գրերի ստեղծման մասին և բացահայտում է մինչ օրս անհայտ հետաքրքիր փաստեր` հայկական տառերի վերաբերյալ:
“Պատմության 36 պահամանները” ֆիլմի ռեժիսորը Հրաչյա Վարդանյանն է, ով ուսում է ստացել Հոլիվուդում` սովորելով այնպիսի հանրաճանաչ կինոռեժիսորների մոտ, ինչպիսիք են Քուենտին Տարանտինոն և Մարտին Սկորսեզեն:
“Պատմության 36 պահապանները” ֆիլմը հեռարձակվել է նաև BBC հեռուստաընկերության կողմից: Այն նաև 2010թ. Կաննի կինոփառատոնի ընթացքում 10 ամենադիտված ֆիլմերից մեկն է, և կինոփառատոնի 9000 ֆիլմերից հայտնվել է վավերագրական ֆիլմերի լավագույն հնգյակում:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Թբիլիսիի հայ համայնքի հասարակական, մշակութային և արվեստի բնագավառի գործիչներ, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական կրթօջախների սաներ: