Երեւանի ընտրությունների մասին Ադիբեկյանի վերջին թվերը
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր Հենարան մամուլի ակումբում անդրադարձավ Երևանի խնդիրներին` ներկայացնելով, թե բնակիչներն ինչպես են տրամադրված դրանց լուծմանը:
“Երևանի տարբեր համայնքներում տարբեր տրամադրվածություն, տարբեր խնդիրներ կան, թեև կան նաև խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր համայքների համար”,-ասաց սոցիոլոգը:
Ըստ հարցումների` առավել գոհ են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք վարչական շրջանների բնակիչները, մասամբ գոհ են Դավիթաշենի, Շենգավիթի բնակիչները, առավել դժգոհ են՝ Զեյթուն/Քանաքեռի, Արաբկիրի, Աջափնյակի բնակիչները և մասամբ դժգոհ են՝ Կենտրոնի, Էրեբունու բնակիչները:
Ադիբեկյանը “բլեֆ” որակեց շրջանառվող լուրերը, թե ԶՈւ-ում ծառայող երևանցիներին տուն են ուղարկում իշխանության թեկնածուի օգտին քվեարկելու համար. “Եթե առավելագույնը 40 հազար զինվոր հաշվենք, ապա դա 400 հազարանոց բնակչության դիմաց չնչին է”,-ասաց:
Ա. Ադիբեկյանը չբացառեց ընտրակաշառքի բաժանման հնարավորությունը`”Ով փող ունի, իր կողմից էլ ընտրակաշառքը կլինի”:
“Ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրված և նախապատվություն ունեցողների 34,1%-ից Տարոն Մարգարյանի օգտին կքվեարկեն մոտ 21,0 – 25,0%, Վարդան Օսկանյանին` 1,0 – 4,0%, Արմեն Մարտիրոսյանին` 0,5 – 4,7%, Արմեն Երիցյանին` 0,3 – 1,7%, Արմեն Ռուստամյանին` 0,4 – 1,6, Վահագն Խաչատրյանին`1%”,-վերջին սոցհարցման տվյալները ներկայացրեց “Սոցիոմետր” կենտրոնի տնօրենը`հավելելով, որ Վարդան Օսկանյանի, Արմեն Ռուստամյանի օգտին առավել դրական տրամադրված են Կենտրոնում, իսկ Արմեն Մարտիրոսյանին` Աջափնյակում:
Տվյալները ստացված են 2012-ի դեկտեմբերի և 2013-ի մարտին անցկացված հարցումներից՝ 1160 + 1290 չափահաս բնակիչների շրջանում, համաչափ ըստ սեռի, տարիքի, կրթության և համայնքի:
Հարցումների պատվիրատու հանդիսանում են երեք կուսակցություն և չորս տարածքային շտաբ: Գլխավոր պատվիրատուն ՀՀԿ-ն է, իսկ մյուսները կողքից օգնում են: Ադիբեկյանի խոսքով` Երևանի բնակչության 55%-ը կմասնակցի ավագանու ընտրություններին: