ԼՂ ԱԳՆ հայտարարությունը` Մարաղայի կոտորածի 21-րդ տարեդարձի կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով:
Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից: Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն են, քանի որ գյուղի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությունը:
Այդ օրը տեւական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը եւ դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ, ինչը հետագայում հաստատվել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես, “Human Rights Watch” եւ “Amnesty International” կազմակերպությունների կողմից: Ըստ տարբեր տվյալների՝ Մարաղայում սպանվել է 53 – 100 մարդ եւ ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա եւ 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել եւ հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:
Մարաղայում իրականացված հրեշավոր հանցագործությունը հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաեւ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի եւ տեղահանությունների շարքում, որոնք նպատակ էին հետապնդում ահաբեկել մարդկանց եւ զրկել հայրենի հողում ապրելու հնարավորությունից:
Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի եւ էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական եւ իրավական գնահատականի բացակայությունն էր, որ ուղի հարթեց Մարաղա գյուղում ադրբեջանական բանակի կողմից ռազմական հանցագործության իրականացման համար:
Այդ հանցագործությունների անպատժելիությունը բարենպաստ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի եւ ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության արմատավորման, այլատյացության, անհանդուրժողականության եւ ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար:
Այդ արատավոր շրջանակը ճեղքելու եւ հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու նպատակով Մարաղայի կոտորածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները՝ պատժվեն:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն