ԵԽԽՎ օր երրորդ. Հայաստանի պատվիրակությունն առաջարկում է վերականգնել Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգը
Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից Իրատես դե ֆակտո կայքին տեղեկացրել է երեկվա և այսօրվա կարևոր իրադարձությունների մասին.
«ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի երկրորդ օրվա օրակարգում քննարկվում էին մի շարք հարցեր, որոնցից հատկապես կկարևորեի Հունաստանում փախստականների հարցը: Մեր պատվիրակության անդամները ելույթներ էին պատրաստել, որովհետև մենք համարում ենք, որ եվրոպական ընտանիքի բոլոր խնդիրները նաև մեր խնդիրներն են: Այդպես մտածում և գործում են շատ պատվիրակներ ԵԽԽՎ-ում, որի պատճառով հաճախ շատերը ժամանակով սահմանափակված՝ չեն հասցնում խոսել: Բայց կա մի լավ հնարավորություն՝ բոլոր պատվիրակները, որ չեն հասցրել ելույթ ունենալ, կարող են ելույթների տեքստերը հանձնել քարտուղարությանը՝ վեհաժողովի փաստաթղթերի ՝ արձանագրությունների մեջ ներառելու համար: Այդպես եղավ երեկ, քանի որ փախստականների խնդիրը շատ զգայական խնդիր է ողջ Եվրոպայի համար, հերթագրվել էին 40-ից ավել պատվիրակներ, մեր պատգամավորներ Նաիրա Կարապետյանին և Միքայել Մելքումյանին ելույթի հերթը չհասավ, բայց նրանց ելույթները կզետեղվեն արձանագրությունների մեջ:
Օրը կարևոր էր նաև հանձնաժողովների նիստերով՝ հատկապես մոնիտորինգի հանձնաժողովում ընթանում էր եվրոպա-թուրքական ճակատամարտը Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ զեկույցի փոփոխությունների իմաստով: Արմեն Ռուստամյանը և ես ակտիվորեն մասնակցել ենք այս գործընթացին՝ ձևավորելով և հիմնավորելով մի շարք փոփոխություններ, որոնք դնում են ծառացած խնդիրները քաղաքական գործիքներով լուծելու հարցը և Թուրքիան մոնիտորինգի գործընթացին վերադարձնելու:
Նստաշրջանի երրորդ օրվա գլխավոր խնդիրը Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ զեկույցի քննարկումներն են, որին մասնակցելու համար գրանցվել են 60-ից ավելի պատվիրակներ: Մեր պատվիրակությունից շատ էական և առանցքային ելույթներով հանդես եկան Արմեն Ռուստամյանը ես և Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորների զգալի մասի կարծիքով՝ ինչքան էլ կարևոր է պայքարը ահաբեկչության դեմ, դա չպիտի իշխանությունը չարաշահելու հնարավորություն տա /Ն.Դիրանտոն, Ֆրանսիա/, չի կարելի ամեն ինչ պատճառաբանել ահաբեկչությամբ /Դ.Բակոյանիս, Հունաստան/, պետք է պահպանել դիրքորոշման հաստատունությունը /Մ.Մարտ, Նիդեռլանդներ/, պետության անվտանգությունը և հիմնական իրավունքները չպիտի իրար հակասեն /Ա.Հեռ, Շվեյցարիա/, իրավունքները չեն կարող ահաբեկչության գերին լինել /Զալիշչուկ, Ուկրաինա/ և այլն:
Զեկույցին ներկայացված են ավելի քան 50 փոփոխություններ, որոնք հիմնականում բաժանված են 2 խմբի՝ մի խումբը, որ ներկայացրել են թուրքական պատվիրակության անդամները, նպատակ ունենալով մեղմել կամ չեզոքացնել զեկույցի խիստ գնահատականները, 2-րդ խումբն առաջարկել են տարբեր երկրների պատվիրակներ, որ ապահովվի գնահատականների և քայլերի համարժեքությունը: Դրանց թվում առավել կարևոր են այն երեք առաջարկները, որոնց մասին խոսեցինք նաև մենք մեր ելույթներում՝ առաջարկում ենք վեհաժողովին կիրառել իր քաղաքական գլխավոր գործիքը՝ մոնիտորինգի գործընթացը, որը 12 տարի առաջ դուրս է եկել, բայց փաստորեն ժողովրդավարական առաջադիմություն չկա, այլ համատարած հետընթաց է»: