25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թող չպղծի մեր սուրբ հողն ու ավետյաց երկիրը…».բաց նամակ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Վեհափառ տեր,

Ձեզ ենք դիմում «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներս, օրերս  Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի բաց նամակի առիթով՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին:

Դժվար է որակել հայ հոգևորականի ազգադավ արարքը, մեր ցասումն  ու բողոքն ենք արտահայտում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ինքնագործունեության և սրբապիղծ քայլի համար: Սա անմարսելի իրողություն է ոչ միայն հայերիս համար, այլև՝ ողջ մարդկության, մանավանդ, երբ շատ երկրներ սկսել են ճանաչել հայոց ցեղասպանությունը:

Անգամ այս մասին խոսում է թուրք առաջադեմ հասարակությունը, ինչի համար նրանցից ոմանք հալածանքների են ենթարկվում ու չեն ընկրկում: Այս աշխարհացունց ներողությունով նա խայտառակեց ողջ հայությանը, Հայ Առաքելական եկեղեցին, որ սրբադասել է մեր մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին, ասել է, թե նա դեմ գնաց մեր եկեղեցուն:

Պրն. Աթեշյանը (մեղք է նրան սրբազան անվանելը) իր չմտածված կամ գուցե «լավ» մտածված քայլով սրբապղծեց մեր նահատակների և մարտիրոսվածների հիշատակը: Հասկանալի է, որ նա չի ծառայում հայ համայնքին, այլ փորձում է ամրապնդել իր աթոռը և շարունակել հաճոյանալ թուրք կառավարիչներին, մոռանալով, որ իրենից առաջ եղել են պատրիարքներ,  ոչ թե փոխանորդներ, բայց ոչ մեկն իր նման չի եղել: Տարիներ շարունակ տեղական մամուլի հրապարակումներից իմանում ենք, որ նա արհեստականորեն խոչընդոտում է դարձի եկող դավանափոխ հայերի մկրտվելուն՝ անհիմն ու անհեթեթ տեղեկանքներ պահանջելով, մեկ էլ հանդգնում է հրովարտակ ուղարկել Հայաստանյաց առաքելական եկեղեցիներին՝ թե չմկրտե՛ք դավանափոխ եղած, իրենց արմատները վերագտնել ցանկացող արևմտահայերին, մինչև իր համաձայնությունը չլինի: Կարծեք թե Հայ Առաքելական եկեղեցին խաղալիք է դարձրել իր ձեռքում: Բայց ո՞վ է նա, որ բռնանա մարդկանց կամքին, չափից ավելի լիազորություններ չի՞ վերապահել ինքն իրեն: Այստեղ էլ անհասկանալիորեն հեզ ու խոնարհ հետևում են սույն ազգադավի պատգամներին, անգամ պետական կառույցներն են փորձում միջամտել, այն դեպքում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, գրված է, որ մարդն ունի խղճի, դավանանքի ազատության իրավունք, որ դա իր նեղ անձնական գործն է: Այդ մարդու գործելաոճը հակասում է թե՛ հոգևոր , թե՛աշխարհիկ օրենքներին: Հիմա էլ համարձակվում է ժամանել Հայաստան, չգիտակցելով մեր ցավն ու վիրավորվածության աստիճանը: Իսկ մենք նրան հավուր պատշաճին կմատուցենք թե՛ օդանավակայանում, թե՛ Ձեր նստավայրում, թող չպղծի մեր սուրբ հողն ու ավետյաց երկիրը…

Վեհափառ տեր, աշխարհասփյուռ հայության  վիրավորված ինքնության միակ մխիթարանքն է, ինչպես նաև մեր եկեղեցու պատիվը բարձր պահելու հրամայական՝ ապաշնորհ ու տգետ հոգևորականին ժամ առաջ կարգալույծ անելը, նրա հարցը բարձրացնելով Մայր Աթոռ  սուրբ Էջմիածնի Եպիսկոպոսաց Ժողովում:

Վեհափառ տեր, լիահույս ենք, որ աչքաթող չեք անի հայի անունն ու պատիվը արատավորողի սրբապիղծ արարքն ու կկատարեք նրան արժանի պատժիչ քայլը:

«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական նախաձեռնություն

ք. Երևան, 20 հունիս 2016 թ.

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ