Այս ուրախությունից մի 5 տարի էլ կապրեմ. 101-ամյա տատը Տարոն Մարգարյանին
Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում բնակվող 100-ամյա երկու կանանց եւ անձամբ շնորհավորել տոնի կապակցությամբ:
Սիրվարդ Ատաջյանի համար Տոնը կրկնակի էր, ով այսօր նշում էր նաեւ իր 101-րդ տարեդարձը: Քաղաքապետի այցն իրոք հաճելի անակնկալ էր Սիրվարդ տատի համար: Շնորհավորելով թե տոնի եւ թե ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը քաջառողջություն եւ անհոգ օրեր է մաղթել արդեն 101-ամյա տատիկին:
Սիրվարդ տատն էլ, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ուշադրության համար, նաեւ իր անկեղծ գոհունակությունն է հայտնել քաղաքապետին՝ Երեւանն օր օրի ավելի բարեկարգ, ծաղկառատ ու գրավիչ դարձնելու համար. “Հեռուստացույցով անընդհատ հետեւում եւ տեսնում եմ, թե մեր Երեւանն այսօր որքան է գեղեցկացել: Նաեւ գիտեմ, որ դա հենց քո շնորքն է տղաս: Ու երեւի այս ուրախությունից մի հինգ տարի էլ ավել ապրեմ”,- նշել է Սիրվարդ Ատաջյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցը հաճելի անակնկալ էր նաեւ 100-ամյա Արեւալույս Ամալյանի համար:
Շնորհավորելով Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արեւալույս տատին մաղթել է քաջառողջություն եւ ընդգծել, որ հայ օջախի համար իսկապես հարստություն է տանը մեծ ունենալը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ ցուցաբերած ուշադրության ու ջերմ խոսքերի համար, Արեւալույս Ամալյանն էլ մաղթել է, որ բոլորը ապրեն երկար ու, որ կարեւոր է, ապրեն անհոգ ու երջանիկ:
Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ մայրաքաղաքում բնակվող 100 եւ ավելի տարեկան 15 կանանց եւս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից փոխանցվել են նվերներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն