Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները. Նալբանդյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/185_1364983966.jpg)
Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները եւ, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Վիկտոր Տվիրկունը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի ՍԾՏՀԿ շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտոր Տվիրկունը հանգամանալից անդրադարձան այս տարվա երկրորդ կեսին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց անցյալ տարի ընդունված Կազմակերպության նոր Տնտեսական Օրակարգի իրականացման ընթացքին, ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման եւ այսօրվա պահանջներին ՍԾՏՀԿ գործունեության համապատասխանեցման հարցերին: