Մեր սրտի մայրաքաղաքն այսօր շատ ավելի գունեղ է. Տարան Մարգարյան
‘Էրեբունի–Երևան–2794’ տոնակատարության շրջանակում տոնական շքեղ հանդիսություն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ուսումնական ու մշակութային հաստատությունների մասնակցությամբ տեղի ունեցած ինքնատիպ գեղարվեստական միջոցառմանը հաջորդած հանդիսավոր արարողության ժամանակ, ողջունելով և շնորհավորելով տոնակատարության բոլոր մասնակիցներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է.
՛՛Այսօր մենք նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի 2794 – րդ տարեդարձը։
Գուցե մեկ մարդու համար 2794-ը շատ թվա, բայց ոչ հնամենի ու սիրելի քաղաքի պարագայում, որը աշխարհի բոլոր հայերի համար հարազատ տուն է, օջախ, որի դռները միշտ բաց են:
Եթե փորձենք մտովի ամփոփել հազարամյակների մեզ հայտնի տարեգրությունը, հաստա՛տ, կարձանագրենք, որ մեր սիրելի Երևանը պատվով է անցել իր ճանապարհը:
Եվ եթե այդ անսահման թվացող ժամանակի մեջ դիտարկենք թեկուզ վերջին մեկ տարվա կատարածը, վստահաբար կարձանագրենք, որ քաղաքամայր Երևանն իր ծննդյան 2794-ամյակը դիմավորում է շոշափելի ձեռքբերումներով ու խոստումնալից հաջողություններով:
Գաղտնիք չէ, որ ամեն ժամանակաշրջան և ամեն սերունդ իր մթնոլորտն ու միջավայրն է բերում քաղաքին և ամեն սերունդ իր հստակ հետքն է թողել մեր քաղաքում: Հերթը մերն է:
Ու մեր սրտի մայրաքաղաքն այսօր շատ ավելի գունեղ է, ծաղկառատ, լուսառատ, գրավիչ ու ջերմ: Երևանի զարգացման հարցում էլ, ըստ էության, մեր նպատակը մեկն է. համադրելով մեր սիրելի քաղաքի անցյալն ու ներկան, պահպանել երևանյան հին ու բարի ավանդույթները` ապահովելով հարմարավետ միջավայր ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար:
Եվ այսօր, ես ուզում եմ, որ օրը ոչ միայն երևանցիների, այլև մեր հյուրերի համար վերածվի իսկական տոնախմբության։
Եկեք այսօր բոլորս միասին սրտանց ուրախանանք և դառնանք մեր սրտի մայարաքաղաք Երևանի ծննդյան օրվա միջոցառումների անմիջական մասնակիցը։
Էրեբունի-Երևանի տոնակատարությունը միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու, այդ բարությունը, հարգանքն ու անկեղծ սերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հրաշալի առիթ է։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երևանցիներին ու տոնի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ անում են, որ այս օրը Երևանը բոլորիս ու աշխարհին ներկայանա իսկապես որպես մեր սրտի մայրաքաղաք։
Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սրտի մայրաքաղաք:
Շնորհավո՛ր տոնդ` Երևան՛՛։