Անչափահաս հանցագործների թիվը նվազել է

« Հայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է»,-այսօր` մայիսի 31-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` ներկայացնելով վիճակագրական տվյալներ:
Դուրյանի փոխանցմամբ` 2015 թվականի առաջին 4 ամիսներին հանրապետությունում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 101 հանցագործության դեպք: 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 83: Այսինքն`նվազել է 18-ով: Այդ թվում նվազել են մարմնական վնասվածք հասցնելու, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը:
Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ բավական մեծ աշխատանք է տարվում անչափահասների շրջանում, նրանց ընտանիքների հետ, ինչպես նաև դպրոցներում: Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններին, ապա այստեղ ևս նվազում է նկատվում:
Անդրադառնալով ոլորտային խնդիրներին ` Երևանի քաղաքապետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշեց, որ վերջին շրջանում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մանկատներում տեղավորելու աճ է նկատվում:
«Արդյունավետ աշխատանք է տարվում դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին հայտնաբերելու ուղղությամբ: Աջակցություն ենք ցուցաբերում տարբեր ուղղություններով, և’ սոցիալական աջակցություն, և’ իրավաբանական խորհրդակցություն, և’ երեխաներին տեղավորելու հարցեր: Այսինքն, եթե հնարավորություն չկա երեխային ընտանիքում պահելու, նրանք պետության խնամքին են հանձնվում, դրանից հետո էլ աշխատում ենք, որ մանկատանը հայտնված երեխան ընտանիք վերադառնա»,-ասաց Իդա Խաչատրյանը: