Ո՞վ որտեղ կլինի ապրիլի 9-ին
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռեւս չգիտի` ապրիլի իննին մասնակցելու է ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ”Դեռ չենք քննարկել այդ հարցը, մենք ձեզ կտեղեկացնենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հարցին` հնարավո՞ր է ԲՀԿ-ն այդ օրը լինի ”Ազատության” հրապարակում, որտեղ պատրաստվում է երդվել ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ուրիխանյանը պատասխանեց. ”Ես ոչ մի կանխատեսում չեմ անում առհասարակ, միայն փաստացի տեղի ունեցող իրադարձություններն եմ մեկնաբանում”:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեզ ասաց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու այդ արարողությանը: ”Կգա օրը` կտեսնենք: Մի տեղ որոշել ենք, բայց այդ վայրը համալիրը չէ”,-ասաց Արամ Մանուկյանը:
”Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ, ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը հայտնեց, որ իրենք եւս ապրիլի 9-ին չեն լինի համալիրում:
”Կտեսնենք, չգիտեմ, բայց հաստատ նախագահի երդմնակալությանը չենք մասնակցելու”,-ասաց` հավելելով. ”Երևանի ցանկացած կետում կլինենք, բայց ոչ համալիրում”:
ՀՅԴ-ը ևս դեռ չգիտի, թե որտեղ է լինելու այդ օրը: ”Օրը կգա, բարին հետը”,-Henaran.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Կգնա՞ “Դաշնակցությունը” ”Ազատության” հրապարակում ապրիլի իննին, Աղվան Վարդանյանն արձագանքեց.
”Դեռ որևէ մեկը չգիտի` ”Ազատության” հրապարակում ինչ է լինելու ապրիլի 9-ին, այդ թվում` ”ժառանգությունը”, կարծում եմ”:
Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն ՕԵԿ-ը և, բնականաբար, ՀՀԿ-ը:
Հիշեցնենք, 2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը հավաքեց 861.373 ձայն և վերընտրվեց ՀՀ նախագահ: ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց 539,693 քվե և չի ընդունում արդյունքները` հացադուլով պայքարելով համակարգի դեմ: