Պարգեւատրվեցին գիտության հիմնախնդիրները լուսաբանողները
Ավանդույթի ուժ է ստանում “Տաշիր” բարեգործական հիմնադրամի, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գործունեության ոլորտների ու աշխարհագրության պարբերաբար ընդլայնումը: Եվ այն, որ հիմնադրամն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանով եւ իր բարեգործության շրջանակներում ընդգրկում է նաեւ Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը, արդեն որեւէ մեկի համար նորություն չէ: Նույնը կարելի է ասել նաեւ ոլորտների մասին: Այս մասին այսօր շեշտեց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” ֆեյսբուքյան նախաձեռնության հետ հայտարարված գիտական լրագրության մրցույթի՝ այսօր “Էրեբունի պլազա” կենտրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Պարգեւատրվեցին մրցույթի 14 մասնակիցները՝ գիտության ոլորտի հիմնախնդիրները ԶԼՄ-երում ակտիվորեն լուսաբանելու համար: Մրցույթի հաղթողը ստացավ 500 հազար դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 400 հազար, երրորդ մրցանակակիրը՝ 300 հազար դրամ: Մյուս 11 մասնակիցները պարգեւատրվեցին 150 հազարական դրամով:
“Բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ գիտության ոլորտում այսօր առկա են զգալի խնդիրներ: Սակայն Կարապետյան եղբայրների հավատամքն է, որ ցանկացած պարագայում պետք է առաջ շարժվել ոչ թե խնդիրների կուտակման, այլ դրանք լուծելու ճանապարհով”,-նշեց Ա.Ճաղարյանը՝ հավելելով, որ այս առումով ուղղակի անհնար է թերագնահատել այն մարդկանց ներդրումը, ովքեր զանգվածային լրատվության միջոցներով բարձրաձայնում են այդ խնդիրների մասին, լուսաբանում են գիտության հիմնահարցերը:
ՊԳՖԱ ներկայացուցիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, շնորհակալություն հայտնելով Կարապետյանների ընտանիքին, նշեց, որ “Տաշիր” ԲՀ համատեղ իրականացվող նման ծրագրերը նախ եւ առաջ մշակույթ են ձեւավորում: Այսպիսով հնարավոր է դառնում ոչ միայն կոնկրետ աջակցություններ իրականացնել, այլ նաեւ պետության ուշադրությունը մեկ անգամ եւս սեւեռել գիտության ոլորտի խնդիրների վրա: Իշխանյանը նաեւ շեշտեց, որ էապես մեծացել է հետաքրքրությունը գիտական թեմաներով հրապարակումների նկատմամբ:
“Տաշիր” ԲՀ մամուլի ծառայություն