Այդ պահից սկսած կողջունենք միմյանց “Քրիստոս հարյավ ի մեռելոց
Տեր Բաբկեն քահանան “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց մարտի 31-ին նշվելիք Սուրբ Զատկի` Քրիստոսի Հարության տոնը :
“Այսօր ավագ ուրբաթ է, այժմ Խաչելության կարգ է, իսկ վաղը երեկոյան պատարագ է, և այդ պահից սկսած կողջունենք միմյանց “Քրիստոս հարյավ ի մեռելոց”`պատասխանելով “Օրհնյալ է հարությունը Քրիստոսի” խոսքերով”,-ասաց նա:
Քահանան հայտնեց, որ սխալ է մարտի 31-ին` Զատկի օրը գերեզմաններ գնալ. “Հաջորդ օրը պատարագ է, և բոլոր ննջեցյալները`հին ու նոր չկա, հիշվում են Սուրբ Խորանի վրա, և խնկարկում է կատարվում:
“Քանի որ տոնը սկսվում է ամսի 30-ի երեկոյան, տան տիկինները պետք է սկսեն նախապատրաստությունը տոնին հենց շաբաթ օրվանից”,- ասաց Տեր Բաբկենը` տեղեկացնելով, որ հավկիթը պետք է ներկել միայն կարմիր գույնով, որ խորհրդանշում է Քրիստոսի արյունը, իսկ ձուն` տիեզերքը, որը մաքրվեց մեղքերից Քրիստոսի արյամբ:
“Վաղ ժամանակներում տոնական սեղանին դրվել է կանաչեղեն և ներկված ձու: Կանաչին գարունն է հիշեցնում, իսկ չամիչով փլավի դեպքում բրինձը դա ժողովուրդն է, իսկ չամիչը` հոգևորականները: Ժամանակի ընթացքում ավելացավ նաև գինին”,-նշեց քահանան:
Ի դեպ, հոգեւորականն ընդգծեց, որ չկա փոքր զատիկ կամ մեծ զատիկ, այլ կա Սուրբ Ծնունդ, որը տոնվում է հունվարի 6-ին և Հարության Զատիկ: