Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարին
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ /Բեն/ Հոդջեսի և ԱՄՆ Կանզասի նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի նահանգի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք նախագծերը, մասնավորապես` փոխգործակցելիության մակարդակի բարձրացման նպատակներով համատեղ վարժանքներ, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին աջակցելու նպատակով Հայաստանի ստանձնած հանձնառությամբ բժշկական և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման մասնագիտացված ստորաբաժանումների պատրաստում և այլն:
Գեներալ-լեյտենանտ Հոդջեսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ ուրախ է Երևանում անձամբ լինելու և համագործակցության զարգացման ուղղությամբ քննարկումների ունենալու համար, հատկապես, որ այս տարի արդեն հնարավորություն է ունեցել տեսնելու ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական անձնակազմի տպավորիչ մասնակցությունը Գեմանիայի Հոհենֆելս քաղաքում Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի «Միաձուլված Սուր» զորավարժությանը:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի Ազգային Գվարդիայի համագործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանում այլ գործընկերների հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահ գործողությունները և ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» ծրագիրը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:
Ամերիկյան կողմը հայտնել է իր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների զարգացման ժամանակ կողմերի կրած մարդկային կորուստների կապակցությամբ, նշել, որ հավատարիմ է ԵԱՀԿ խմբի գործընթացի միջոցով համակարտության խաղաղ կարգավորմանը:
Այցի ընթացքում ամերիկյան պատվիրակությունը մասնակցել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: