Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է «Եվրատեսիլում» Ղարաբաղի դրոշի շուրջ ծագած սկանդալին
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նախօրեին կայացած «Եվրատեսիլ 2016» միջազգային երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ծածանել է Լեռնային Ղարաբաղի դրոշը:
Ադրբեջանական ագրեսիայի և դժգոհությունների ալիքի առաջացման պատճառ դարձած այս քայլին անդրադարձել է նաև Թուրքիայի առաջատար լրատվամիջոցներից «haberler.com» կայքը:
Ըստ աղբյուրի՝ Եվրոպական հեռարձակման միության (EBU) ղեկավար Սիթցե Բեքքերը տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ծածանել է մի դրոշ, որը «Եվրատեսիլում» արգելված դրոշների թվին է պատկանում: Ուստի միջադեպը քննության է դրվել, այդ նպատակով հատուկ ժողով կհրավիրվի և, հնարավոր է, որ հայկական պատվիրակության համար որոշակի պատիժ սահմանվի: Սակայն Բեքքերը հավելել է, որ Հայաստանի որակազրկման հարցը չի քննարկվում:
Իսկ ելույթից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի «Ինչու՞ բարձրացրեցիք Ղարաբաղի դրոշը» հարցին Իվետա Մուկուչյանի տված պատասխանը թուրքական լրատվամիջոցը բնութագրել է որպես «հետաքրքիր արդարացում»:
Աղբյուրը ներկայացրել է նաև ուշագրավ կադրեր «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի ելույթից՝ ներառելով ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի լուսանկարը:
Haberler.com-ը հիշեցրել է, որ մրցույթի մեկնարկից առաջ կազմակերպիչների կողմից պաշտոնապես հրապարակվել էր այն դրոշների ցուցակը, որոնք «որևէ երկիր չեն ներկայացնում» և մրցույթի շրջանակներում արգելված են: Այդ ցանկում տեղ են գտել Պաղեստինի, Կոսովոյին, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Դոնեցկի հանրապետության դրոշները: