Եթե մեկը հարևանին ասի, որ երկրից դուրս է գալիս, երեք ճամպրուկ դեղորքայի պատվեր կստանա. Նաիրա Զոհրաբյան
«Ով Հայաստանից այլ երկիր է գնում, նրա բոլոր բարեկամներն ու հարազատները խնդրում են, որ արտերկրից դեղեր բերի: Խոսքը վերաբերում է նաև հասարակ ցավազրկողներին», – «Դեղերի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Վերջինս նշեց՝ մեր երկրում վաճառվող դեղերի որակը նորմալ չէ:
«Շատ բժիշկների հետ զրուցում ես, ու վիրաբույժներն ասում են՝ դեղորայք կա, որ հիվանդին սրսկում ես, բայց վիրահատության ժամանակ մեզնից շատ է խոսում, քանի որ չի ցավազրկվում, չիանզգայանում»,- ասաց պատգամավորը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին, քանի որ այն, ինչ նեկայացված է թղթի վրա, գնահատելի է, մնում է՝ իրականացվի:
Անկախ նրանից, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու վերոնշյալ նախագծին՝ Զոհրաբյանը նշեց՝ կասկածում է, որ նախագիծը կյանքի կկոչվի ու կկիրառվի:
«Ես համաձայն եմ, որ մեզնից մեկը հանկարծ, եթե սխալվի ու իր հարևանին ասի, որ երկրից դուրս է գալիս, ապա առնվազն երեք ճամպրուկ դեղորքայի պատվեր է ստանում: Արդյո՞ք թղթի վրա գրված օրենքը կարգավորելու է այս խնդիրն, արդյո՞ք այստեղ նստած մոնոլոպիստները դադարելու են կավիճ ներկրել, իսկ ես, անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ խնդիրը կարգավորվել է»,- ասաց Զոհրաբյանը: