Խաչիկյանի պատասխանը` հաջորդ նիստին /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 19-ին շարունակվեց կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Մեղադրական եզրակացությունը պաշտպանող դատախազ Ենոքյանին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը չթույլատրեց մեղադրական եզրակացությունը ներկայացնել նստած: “Գիտեմ ծավալուն է, բայց հարգենք գործող կարգը”,-ասաց դատավորը:
Ըստ մեղադրանքի` Խաչիկյանը ստեղծել է կազմակերպված խումբ, որոշակի դերաբաշխում տվել յուրաքանչյուրին, չարաշահել է պաշտոնական դիրքը, կեղծ դիմումներ պատրաստելով, կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել է մահացած կամ Հայաստանից բացակայող կենսաթոշակառուների 29 մլն դրամը (բյուջե չմուտքագրելով) , եւ նաեւ` 260.958.681 դրամ:
Մեղադրանքի եզրափակիչ մասը լսելուց հետո Վազգեն Խաչիկյանը փորձեց միայն ճշտել, թե ինչպիսի հատկանիշներ են իրեն մեղսագրվում եւ ինչի՞ են իրեն մեղադրել պաշտոնական կեղծիք անելու մեջ:
Դատախազը խնդրեց 15 րոպե ժամանակ պատրաստվելու համար, սակայն քանի որ մեկ այլ ամբաստանյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դեռ նախորդ նիստին խնդրել էր, որ մեկ այլ քրեական գործով պետք է մասնակցի այլ դատավարության` Պապոյանը նիստը հետաձգեց: Արդյո՞ք Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր ճանաչում է`այս հարցի պատասխանը կտրվի ապրիլի 4-ի նիստում: