Ինչ են խոսել Հովիկ Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը /վիդեո/
“Սերժ Սարգսյանից բացի թող ոչ մեկ ինձ առաջարկ չանի”: Այսօր` մարտի 18-ին Ազատության հրապարակում կայացած ասուլիսին հայտարարեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչ են խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցելության ժամանակ: Հովհաննիսյանը նշեց, որ այդ այցը քաղաքավարական բնույթի էր, եւ ԱԺ նախագահը ցանկանում է լուծում գտնել այս իրավիճակին:
Հովհաննիսյանի խոսքով` ինքը շատ հստակ ասել է, որ իր զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, որ ինքը չի ընդունում նրա կողմից ուղարկված որեւէ միջնորդի կամ սուրհանդակի: “Ինքը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինձ որեւէ բան առաջարկել: Ես կխոսեմ պարոն Սարգսյանի հետ, իսկ ինքը որեւէ կարգավիճակ չունի ինձ առաջարկ անելու համար եւ թող նա չասի, որ իմ հացադուլն ինչ-որ անընդունելի բան է”,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Henaran.am-ի հարցին` որեւէ առաջարկ Հովիկ Աբրահամյանն արե՞լ է, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. “Ոչ, ոչ մի առաջարկ չի արել”: Իսկ որեւէ կոնկրետ առաջարկ սպասո՞ւմ է, “Ժառանգության” առաջնորդը բացասական պատասխան տվեց, հավելելով, որ Սերժ Սարգսյանի այցին չի սպասում, սակայն եթե ՀՀ նախագահն այցելի իրեն, սիրով կընդունի եւ կլսի նրան:
“Եթե ինքն ուզում է, ես կլսեմ իր առաջարկը, բայց դա պիտի լինի համապետական նշանակության լուծում: Ով ուզում է ուղիղ ինձ առաջարկ անել, ես կլսեմ: Բայց ժողովրդի իրավունքը պետք է արտացոլված լինի այդ որոշման մեջ կամ ինքը կես ճանապարհին պիտի միանա ժողովրդին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են պաշտոնյաները` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հովիկ Աբրահամյանն այնպիսի ժամերի այցելում Հովհաննիսյանին, որ հրապարակը մարդաշատ չի լինում: Ի պատասխան` Հովհաննիսյանն ասաց, որ դա պիտի իրենցից հարցնել: “Ես շնորհակալ եմ իրենց այցելության համար, բայց դա իրենցից պիտի հարցնեք”:
Մանրամասները`տեսանյութում