Տարոն Մարգարյանը` Շուշիին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի:
Շուշեցիների եւ Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո, Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին եւ զրուցել բնակիչների հետ:
Օգտվելով առիթից Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր եւ շուշեցիների անունից շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին` Շուշիում աղբահանության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով նվիրաբերված աղբահանման երկու մեքենաների եւ համալրող աղբարկղերի նվիրաբերման համար:
Արցախի մշակութային մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման եւ բարեկարգման ծրագրերին աջակցելու նպատակով՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են նաեւ “Շուշի-Երեւան” գրությամբ նստարաններ, աղբամաններ, որոնք արդեն իսկ տեղադրվել են Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակի հարակից զբոսայգում:
“Մեր նախորդ այցի ժամանակ պատրաստակամություն էինք հայտնել աջակցել նաեւ ԼՂՀ այլ քաղաքներին եւ մեր այս քայլը հենց այդ համատեքստում է: Տեղեկանալով, որ Արցախի մշակութային մայրաքաղաքին անհրաժեշտ են աղբահանության արդյունավետ կազմակերպման միջոցներ, որոշեցինք հենց այս տեսքով ցուցաբերել մեր աջակցությունը”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շուշեցիներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել Երեւանի քաղաքապետին անհրաժեշտ եւ հաճելի նվերների համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն