15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արդարությունը պահանջում է, ժամանակը` պարտադրում. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում.

Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հերթական գլոբալ ֆորումի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ մեծագույն եւ ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի: Մանավանդ աշխարհը դեռեւս պարտք ու ասելիք ունի այդ հանցագործության վկաներին` նախեւառաջ հայոց ցեղասպանությունը վերապրածներին, հոգու եւ սրտի ասելիք, արդարության ու ճշմարտության պարտք: Անկախ նրանից, թե ինչ տեսքով եւ որ` իրավական, թե բարոյական դաշտում պետք է վերադարձվի այդ պարտքը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ լեզվով պետք է հնչի հոգու եւ սրտի խոսքը, միեւնույն է, արդարությունը պահանջում է, ժամանակը` պարտադրում:

Հարգելի բարեկամներ,

ցեղասպանության վկաները կենդանի հիշողություն են` կապված առաջին հերթին 1915 թվականին տեղի ունեցած հայոց ցեղասպանության, դրա անպատժելիությունից ծնված հաջորդ`Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի, հիմա նաև՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցեղասպանությունների հետ, եւ կենդանի հիշեցում` ցեղասպանությունների անթույլատրելիության ու պատժի անխուսափելիության մասին: Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունից հրաշքով փրկված, բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակների սերունդներն այսօր ապրում են բոլոր մայրցամաքներում՝ որպես տարբեր երկրների քաղաքացիներ` ԱՄՆ-ից Կանադա, Բրազիլիայից Արգենտինա եւ Ուրուգվայ, Իտալիայից մինչեւ Ռուսաստան եւ Հնդկաստան, Ֆրանսիայից մինչեւ Ավստրալիա եւ Սինգապուր, Եգիպտոսից մինչեւ Երուսաղեմ ու Քուվեյթ, Սիրիայից մինչեւ Իրան եւ Իրաք ու այլուր: Մինչդեռ նրանք պիտի ապրեին իրենց ծննդավայրում՝ սեփական հողի վրա, 1915 թվականին իրենց եւ բախտակից ժողովուրդների` ասորիների, եզդիների, հույների հանդեպ իրականացված ցեղասպանության հետեւանքով նրանք զրկվեցին հայրենիքից:

Հարգելի բարեկամներ,

ցեղասպանության վկաների հիշողության դաշտն աստիճանաբար ավելի ընդգրկուն է դառնում` շնորհիվ այն երկրների ու կառույցների, որոնք քաղաքական ու քաղաքացիական խիզախություն եւ պատասխանատվություն են դրսեւորում` ճանաչելով եւ դատապարտելով հայոց ցեղասպանությունը, որոնք գիտակցում են, որ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործության չդատապարտումով ճանապարհ է բացվում նոր ցեղասպանությունների համար: Ցեղասպանության` որպես մարդկության դեմ հանցագործության դատապարտումը պետք է դառնա պարտք ու պատասխանատվություն քաղաքակիրթ մարդկության համար, բայց նախևառաջ՝ Թուրքիայի, որ այսօր նույն ձեռագրով փորձում է լուծել քրդերի հարցերը:

Ես չեմ կարող չխոսել նաև ապրիլյան ագրեսիայի մասին, որ սկսեց Ադրբեջանը: Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով՝ Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով փոխել ստատուս քվոն տարածաշրջանում, նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ և պայմաններ թելադրել բանակցություններում: Ի՞նչ ստացվեց՝ գիտեք բոլորդ: Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց իր բլից կրիգը, այլև՝ ձախողվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում: Նաև հասցրեց իր ժամանակի մեջ չփոխվող «ստորագրությունը» թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով էր տիրել: Ադրբեջանական բանակի եւ նրա կազմում կռվող վարձկանների ձեռքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության, այդ թվում` երեխաների ու ծերերի սպանությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների խոշտանգումներն ու անարգումները, ընդհուպ մինչեւ անդամահատում: Սա ձեռագիր է, որն անպատժելիությունից ոգեւորված, սկիզբ է առնում 1915 թվականից` Օսմանյան Թուրքիայից եւ շարունակվում մեր օրերում: Ադրբեջանն իրեն հավասար հարթության մեջ դրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը:

Հարգելի բարեկամներ,

Այս տարի առաջին անգամ ամբողջ աշխարհի հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 24-ին չի հնչելու հիշատակի պատարագ: Անցյալ տարի ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո հայ առաքելական եկեղեցին այլևս կատարելու է ոգեկոչումի աղոթք և դա ոչ միայն եկեղեցական ծիսակատարության փոփոխություն է: Վստահեցնում եմ, որ ամենակարևոր ձեռքբերումը՝ մենք դադարել ենք հայոց ցեղասպանությանը վերաբերվել որպես ողբերգություն, որ մեզ ստիպում է ապրել սպանվածի, բռնաբարվածի ու կողոպտվածի, ունեզրկվածի բարդույթով: Հայաստանի Հանրապետությունը, որ այս տարի սեպտեմբերին նշելու է իր անկախության 25  տարին, այլևս պետական մակարդակով հնարավորություն տվեց խոսել պահանջատիրության մասին, հնարավորություն տվեց հաղթահարել ցեղասպանվածի բարդույթը ու խոսել վերածնվածի ձայնով: Ու դա լավագույն պատասխանն է անցյալ, ներկա ու ապագա բոլոր թալեաթներին, էնվերներին ու ջեմալներին:

Այս ֆորումում մենք խոսում էինք ոչ միայն ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի գործունեության մասին, այլև աշխարհի բոլոր ցեղասպանությունների պարտադիր հետևանք՝ փախստականների: Ո՞վ, եթե ոչ հայերս իրական ասելիք ունենք այս թեմայով: Հարյուր տարի ու ավելի: Ես չեմ կարող չանդրադառնալ Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցներին: Նրանք, որ հարյուր տարի առաջվա ցեղասպանության վերապրածների ժառանգներն էին, հարկադրված էին նորից գաղթել՝ թողնելով իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիան, տունն ու աշխատանքը, շատերը՝ հարազատներին, ու ապաստան որոնել Հայաստանում: Երբ սիրիական պատերազմի անմիջական մասնակից Թուրքիան Եվրամիության հետ քաղաքական առևտրի ու շանտաժի հարց է դարձնում փախստականներին, հազար անգամ նվազ հնարավորություններ ունեցող Հայաստանը ընդունում ու առանց բարձրագոչ հայտարարությունների հնարավորինս բնակարանով ու աշխատանքով ապահովում է սիրիացիներին՝ նրանց համարելով ոչ թե փախստական, այլ՝ հայրենակից, յուրային, հարազատ, որ դժվարին վիճակում է:

Անցյալ տարի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, իրապես համահայկական փաստաթուղթ, որ ոչ միայն ամփոփում էր անցած հարյուրամյակում ցեղասպանության գիտակցման, ճանաչման ու դատապարտման անցած ճանապարհը, այլև ձևակերպում էր մեր անելիքները: Տարողունակ ու համապարփակ այդ փաստաթղթին անդրադառնալով՝ մենք այսօր կարող ենք փաստել, որ շարժվել ենք համահայկական Հռչակագրի ուղենիշներով ու ունենք հաջողություններ, նշեմ միայն, որ Հայաստանի շնորհիվ ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց ցեղասպանությունների դեմ կանխարգելման և ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր: Բայց ճանապարհը շարունակվում է և կարևորագույն հարցերը դեռ սպասում են իրենց լուծման ժամանակին: Մենք տերն ենք ՛՛Հիշում եմ պահանջում՛՛ կարգախոսի, հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման: Ես վստահ եմ, որ մանուշակագույն մեր անմոռուկներն աշխարհին այսօր ասում են ավելին, քան՝ անցած տարի, և եկող տարի ասելու են ավելին՝ քան հիմա, որովհետև մենք բոլորս համատեղ անում ենք մի կարևոր աշխատանք, որի արդյունքները ավելի տեսանելի է դարձնելու ժամանակը:

Շնորհակալ եմ ֆորումի բոլոր մասնակիցներին և հավարտ ուզում եմ բոլորից անունից վկայել՝ ՛՛Հիշում եմ և պահանջում՛՛՝ վստահ, որ այս երկու բառը միայն կարգախոս չեն, այս երկու բառում կա անցյալի ու ապագայի պատմություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ