Լավրովը Երեւան է գալիս հատուկ առաքելությամբ
Ռուբեն Շուխյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Լավրովի պլանն ու Լեգրանի միսիան… Հատուկ առաքելությամբ Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Արցախյան հարցի կարգավորման այն փաստաթուղթը, որը, ինչպես ենթադրվում է, նա իր հետ բերում է Երևան, արդեն հասցրել է ստանալ «Լավրովի պլան» անունը: Ռուսական մամուլի արտահոսքից պարզ դարձան այդ պլանի որոշ մանրամասներ, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ հայերը պետք է ազատեն Արցախի շուրջը գտնվող 5 շրջան, որից հետո ռուս զինվորականները սկսելու են վերահսկել ազատված շրջանների և ԼՂՀ սովետական սահմանների միջև ընկած շփման գիծը:
Հիմա տեղին է հիշել 94-ամյա վաղեմության մեկ այլ դրվագ ու հայտնի մի ասացվածք՝ պատմությունը կրկնվել է սիրում: Այն ժամանակ, 1920 թվականի նոյեմբերին, դիվանագիտական հատուկ միսիայով Հայաստանում էր գտնվում Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարների հետ բանակցություններ վարելու և հայ-թուրքական ռազմական կոնֆլիկտը «կարգավորելու» նպատակով: Իսկ դա այն դեպքում, երբ Սովետական Ռուսաստանը այդ նույն ժամանակ ռազմական մեծ օգնություն էր ցուցաբերում Հայաստանի վրա հարձակում գործած քեմալական Թուրքիային:
Լեգրանի միսիան Առաջին Հանրապետության համար շատ տխուր վախճան ունեցավ՝ մենք կորցրեցինք երկրի անկախությունն ու տարածքների ուղիղ կեսը: Այսօր, տարածաշրջանային այս գերլարված իրավիճակում, կարծում եմ, մեզ, հայերիս, իրոք որ անհրաժեշտ է առավելագույն զգոնություն և բոլոր ուժերի ու կարողությունների գերլարում՝ որպիսի, ինչպես ասում են, կրկին անգամ չկանգնենք հանկարծ նույն փոցխի վրա»: