29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՀԱԶԱՆԳ.Հայաստանում աճել են սուր շնչառական հիվանդությունները.

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին 3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ եւ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաեւ գրիպի հետագա  բարդությունների առաջացման կանխարգելման կարեւոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։ 

Սուր շնչառական վարակների առումով աճ է գրանցվել նաեւ շտապ օգնության կանչերի ուղղությամբ: Ինչ վերաբերում է թոքաբորբերին, ապա վերջին 2 օրվա ընթացքում շտապ օգնության կանչեր չեն գրանցվել, որը եւս վկայում է բարդություններով դեպքերի նվազման մասին:

 

Հանրապետության մարզերի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպությունուններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 152, թոքաբորբերի թեթեւ ձեւերով` 46 հիվանդ, իսկ Երեւանում` 300 հիվանդ սուր շնչառական վարակներով եւ 109 հիվանդ` թոքաբորբի թեթեւ ձեւերով: Երեւանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով եւ ուշ դիմելիությամբ:

 

2013 թվականի փետրվարին հանրապետությունում կազմակերպվել եւ իրականացվել է շուրջ 210 լաբորատոր վիրուսաբանական հետազոտություն, որից 64 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 21 նմուշում` Բ տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր հետազոտություններ իրականացվել են ինչպես ամբուլատոր (թեթեւ ընթացքով), այնպես էլ ստացիոնար (միջին ծանրությամբ) բուժում ստացող հիվանդների շրջանում: Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակն արձանագրվել է թե՛ թեթեւ եւ թե՛ ծանր հիվանդների շրջանում։ Նույն կերպ գրիպի Բ տեսակն արձանագրվել է թեթեւ եւ ծանր հիվանդների շրջանում: Սա վկայում է այն մասին, որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ հատկապես խոցելի անձանց շրջանում` քրոնիկ հիվանդություններ` սիրտ-թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, ինչպես նաեւ տարեցներ, երեխաներ, հղի կանայք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ  հանրապետության բոլոր բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի ցուցման դեպքում անվճար տրամադրվում են բնակչությանը։ Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները։  

Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը եւ վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`

Գրիպանման երեւույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ

Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն

Չշփվել գրիպանման երեւույթներով անձանց հետ

Չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման եւ նոր դեպքերի առաջացման ու տարածման

Պահպանել 2 մ հեռավորություն, եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ

Պահպանել հազալու եւ փռշտալու վարվելակարգը

Խստորեն հետեւել անձնական հիգիենային, չհամբուրվել եւ չգրկախառնվել

Հագնվել եղանակին համահունչ

Հաճախակի օդափոխել փակ տարածքները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ