16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախը Արեւելյան Թիմորի, Չեռնոգորիայի, Կոսովոյի եւ Հարավային Սուդանի ժողովուրդների անկախացման նախակարապետն է

 Քսանհինգ տարի առաջ գեներալ-մայոր Արտակարգ դեսպանորդ եւ Լիազոր նախարար, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանը, Աֆղանական պատերազմ երկարաժամկետ գործուղումից վերադառնալով եւ լինելով Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, զբաղվեց Սումգաիթում իրագործված հայկական ջարդերից տուժածների հիմնական մասի տեղավորմամբ եւ կենցաղավորմամբ, ադրբեջանական կողմի հետ վարելով հաջող բանակցություններ` կազմակերպեց երեք հազար բաքվեցի հայերի կամավոր փոխանակումը Հայաստանի Հրազդանի շրջանում բնակվող երեք հազար ադրբեջանցիների հետ` փոխանակվողների գույքային իրավունքների ապահովմամբ:

Լինելով Վերակառուցման շրջանում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի տեսուչ` համադասեց Ղարաբաղյան շարժման քաղաքական վերլուծությունը եւ այդ գծով մշակումները: Նա նաեւ “Հակամարտության-համաձայնության» էթնոքաղաքագիտություն. ազգային անվտանգության քաղաքակրթական առումը” եւ “Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում” մենագրական աշխատությունների հեղինակ է:

Տվյալ մենագրությունները պատրաստվել են, համապատասխանաբար, ԽՍՀՄ–ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերությունների հետազոտման մեթոդաբանության կենտրոնի հովանու ներքո  (1990–1992) եւ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (2003–2005):

Դոկտոր Քոթանջյանը եղել է Հարվարդի համալսարանի Պետութենագիտության դպրոցի հրավիրված հետազոտող (ԱՄՆ, 2010) եւ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավիրված առաջատար պրոֆեսոր (ԱՄՆ, 2011): Գեներալ Քոթանջյանը ՀԱՊԿ-ի գիտափորձաքննական խորհրդի անդամ է:

1991 թ. ապրիլից մինչեւ դեկտեմբեր` ԽՍՀՄ փլուզման նախաշեմին, Հայկ Քոթանջյանը կատարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վտարանդիական կառավարության արտաքին գործերի նախարարի պարտականություններ:  

Որպես 1988 թ. փետրվարից Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հետ կապված քաղաքական գործընթացների մասնակից` իմ` քաղաքական գործչի, զինվորական դիվանագետի ու քաղաքագետի պարտքն եմ համարում կարծիքս հայտնել Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման փառավոր հոբելյանի մասին, մի շարժման, որը հաղթահարեց ներկայումս իր ժողովրդավարական պետականությունը հաջողությամբ կառուցող արցախահայության իրավունքների եւ ազատությունների նկատմամբ խորհրդային ու հետխորհրդային Ադրբեջանի գաղութատիրական բռնաճնշումը:

Վերակառուցման եւ հրապարակայնության  ընթացքում արցախահայության իրավունքների պաշտպանության համար ծավալված խաղաղ քաղաքացիական շարժումը դարձավ մարտահրավեր` նետված ստալինյան համակարգի իներցիոնությանը, մի համակարգի, որը չէր ընդունում մարդու անհատական եւ կոլեկտիվ իրավունքների գերակայությունը, արհամարհում էր “Ժողովուրդների հոր” կողմից խորհրդային Ադրբեջանի տիպի մինիկայսրություններում բռնի ներառված ազգային փոքրամասնությունների երազանքները:

Արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտմանը հետեւեցին Սումգաիթում, Կիրովաբադում եւ Բաքվում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերը, որոնց հայությունը պատասխանեց Արցախում անցկացված օրինապատշաճ հանրաքվեով` ամրագրելով Արցախի բնակչության ազատ լինելու անկոտրում կամքը:

Իրավաքաղաքական տեսակետից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազմավորվեց Վերակառուցման շրջանում գործող “ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին” ԽՍՀՄ օրենքի հիման վրա անցկացված հանրաքվեի արդյունքներով` մինչեւ ԽՍՀՄ գոյության պաշտոնական դադարեցման մասին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը

Ղարաբաղյան հանրաքվեի մյուս առանձնահատկությունն այն է, որ համաձայն ԽՍՀՄ նշված օրենքի` ադրբեջանական փոքրամասնությունը եւս ներառված էր հանրաքվեի նախապատրաստման գործում, թեեւ հետագայում Բաքվի իշխանությունների ցուցումով բոյկոտեց այն: Դա են վկայում Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի պահպանված փաստաթղթերը:

Վերակառուցվող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան անցկացված հանրաքվեի արդյունքներով օրինական Արցախի Հանրապետության ստեղծումը դարձավ ուղենիշ այն պայքարում, որը միջազգային հանրությունը մղում էր գաղութատիրության դեմ, եւ Արեւելյան Թիմորի, Չեռնոգորիայի, Կոսովոյի եւ Հարավային Սուդանի ժողովուրդների ազատ կամաարտահայտման իրավունքի օրինապատշաճ իրացման գործընթացի նախակարապետը:

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հենց այդ ճանապարհով` առանց մետրոպոլիաների միջամտության, իրացվեցին ժողովուրդների ինքնորոշվելու իրավունքները Բանգլադեշում, Էրիթրեայում, Արեւելյան Թիմորում, Չեռնոգորիայում, իսկ այժմ նաեւ Հարավային Սուդանում:

Այդ ուղին է ոչ թե նախկին մետրոպոլիաների` ի դեմս Պակիստանի, Եթովպիայի, Ինդոնեզիայի կամ Հարավսլավիա-Սերբիայի եւ Սուդանի բնակչության, այլ հենց ինքնորոշվող ժողովուրդների շրջանում անցկացված հանրաքվեի միջոցով ազատ կամաարտահայտումը

Անցած տարիներին ժողովրդավարական եւ անկախ Արցախի Հանրապետությունում աճեց նոր սերունդ, որը ծնվել է ազատ երկրում` անքակտելիորեն կապված հազարամյա ազգային պատմական ու հոգեւոր ժառանգության հետ եւ ինտեգրված ազատ ազգերի համաշխարհային ընկերակցության մեջ:

Հերոսական քաղաքական պայքարով, այնուհետեւ նաեւ գաղութատիրական Ադրբեջանի ագրեսիայի հետմղման սխրագործությամբ ձեռք բերված արցախյան անկախության բարձունքից ուրվագծվում է այն գործիչների շարքը, որոնք առանձնակի ներդրում ունեցան Ղարաբաղի ազգային-ժողովրդավարական ազատագրման եւ նրա ինքնիշխանության պաշտպանության գործում:

Նրանց շարքում պարտք եմ համարում նշել Ղարաբաղի ազատության համար մղված պայքարի առաջին դրոշակակիրներ Հենրիկ Պողոսյանին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ղեկավար եւ համաժողովրդական եղանակով ընտրված առաջին Խորհրդային կուսակցական առաջնորդ, որի ջանքերով մարզը 1988 թվականին Կրեմլ ուղարկեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին հանրագիրը), Արկադի Մանուչարովին (“Կռունկ” կոմիտեի նախագահ), Վաչագան Գաբրիելյանին (ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահ) եւ Արթուր Մկրտչյանին (Արցախի խորհրդարանի առաջին խոսնակ–ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ):

Անգնահատելի է Արցախի ազգային-ազատագրական շարժման հոգեւոր առաջնորդների աստղաբույլի դերը` ի դեմս Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի, մտավորականության փայլուն ներկայացուցիչներ Աբել Աղանբեկյանի, Զորի Բալայանի, Սիլվա Կապուտիկյանի, Սերգեյ Համբարձումյանի, Սերգո Միկոյանի, Անդրեյ Սախարովի, Գալինա Ստարովոյտովայի, Լյուդմիլա Հարությունյանի, Ռաֆայել Իշխանյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Ռաֆայել Ղազարյանի, Ռաֆայել Պապայանի, Կոնստանտին Խուդավերդյանի, Լենդրուշ Խուրշուդյանի, Ռազմիկ Նավասարդյանի, Կարեն Յուզբաշյանի, Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանի եւ այլոց, որոնք կերտեցին ապագա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժեքափիլիսոփայական հիմքերը: Ղարաբաղյան շարժման հունով հայության համախմբման գործում մեծ դեր խաղացին զանգվածային խաղաղ ժողովրդավարական ձեռնարկումների այնպիսի նախաձեռնողներ, ինչպիսիք են Իգոր Մուրադյանը եւ Ժաննա Գալստյանը:

Արցախի ժողովրդավարական պետական շինարարության գործում բացառիկ վաստակ ունեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Հայկական անկախ պետականության վերաստեղծմանն ուղղված բարդ եւ մեծապես անսպասելի մարտահրավերի շեմին Հայաստանի Հանրապետության առաջին իշխանությունների ձեռնարկած առանձին քաղաքական քայլերի հակասականության հետ մեկտեղ հարկ է նշել այն ներդրումը, որ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման մեջ ունեցան Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Աշոտ Մանուչարյանը եւ ուրիշներ:

Պատշաճը պետք է մատուցել այն ներդրմանը, որ ազգային ինքնորոշման գործում ունեցավ այլախոհական շարժումը` ի դեմս Պարույր Հայրիկյանի եւ Աշոտ Նավասարդյանի, ինչպես նաեւ ղարաբաղյան ընդհատակին, որն ստիպված էր ազգային-ազատագրական պայքար մղել Բաքվում 1990 թվականի հունվարին կազմակերպված հակահայկական ջարդերի եւ դրանց մասնակիցների պատժումից հետո Ղարաբաղում Բաքվի եւ Մոսկվայի իշխանությունների կողմից հաստատված ռազմաբռնակալական վարչակարգի պայմաններում:

Դժվար է գերագնահատել Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վտարանդիական կառավարության քաղաքական-դիվանագիտական եւ քաղաքական-հետախուզական դերը, մի կառավարության, որը գործում էր 1991 թվականին` Վերակառուցման ձախողման եւ իր տարածքի ու գերտերության հսկայական ավերիչ կարողություններով օժտված համախումբ հզորության նկատմամբ ԽՍՀՄ վերահսկողության կորստյան փուլում:

Գործելով Մոսկվայում 1991 թվականին խիստ գաղտնիության պայմաններում` վտարանդիական կառավարությունը անգնահատելի ծառայություններ մատուցեց այն բանում, որ Հայաստանն ու Արցախը պատեհաժամորեն զգուշացվեցին իրենց գոյության համար օրհասական ներքին եւ արտաքին սպառնալիքների մասին: Այստեղ պատեհ է հիշատակել ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության բարձրագույն շահերի պաշտպանության գործում 1991 թ. ապրիլ–դեկտեմբեր ամիսներին գործած վտարանդիական կառավարության Ազգային անվտանգության նախարար Մարիուս Յուզբաշյանի եւ Արդարադատության նախարար Յուրի Բարսեղովի առանձնահատուկ ծառայությունները:

Արտաքին ագրեսիայի սպառնալիքի պայմաններում իշխանությունը նոր ուժերին անարյուն կերպով հանձնելու գործում մեծ դեր ունեն Հայաստանի վերջին կոմունիստական ղեկավարները` ի դեմս Վլադիմիր Մովսիսյանի, Ստեփան Պողոսյանի, Արամ Սարգսյանի եւ Սերգեյ Բադալյանի:

Ինքնորոշված Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած արտաքին ռազմական ագրեսիայի հետմղման ժամանակ առաջ եկավ փայլուն զորապետների մի աստղաբույլ, որոնք ապահովեցին ագրեսորի պատժումը ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի ստեղծման եւ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության արդյունավետ համակարգի կառուցման միջոցով: Նրանց շարքում առանձնանում են Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Վահան Շիրխանյանի, գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցի, Գուրգեն

Դալիբալթայանի, Քրիստափոր Իվանյանի, Հրաչ Անդրեասյանի, Անատոլի Զինեւիչի անունները: Արցախի ազատության համար մղված պայքարում պաշտպանության ղեկավարման գործում աչքի ընկան գեներալներ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադեւոսովը, Յուրի Խաչատուրովը, Արտյուշա Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը, Մովսես Հակոբյանը եւ շատ ուրիշներ:

Ֆիդայական ժողովրդական դիմադրությունից իր ստեղծած անկախության բանակի  հովանու ներքո կազմավորված հատուկ նախանշանակման զորքերի տիպի մարտական ջոկատներին անցման գործում մեծ վաստակ ունեցավ ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հերոս Լեոնիդ Ազգալդյանը: Հարկ է նշել ագրեսիայի հետմղման գործում այն առանձնակի դերը, որ խաղացին Հայոց Սփյուռքի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մոնթե Մելքոնյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ ուրիշներ:

ՈՒշադրության է արժանի Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքական մշակույթների ձեւավորման սկզբունքներում եւ միտումներում եղած հիմնարար տարբերությունը: Արցախի դեպքում` միջազգային իրավունքի ժողովրդավարական սուբյեկտների ընտանիքին ինտեգրմանը պատրաստվող ժողովրդավարական պետականության նպատակաուղղված առաջմղումը: Իսկ Ադրբեջանի դեպքում` սուլթանական տիպի այնպիսի հակաժողովրդավարական տոհմական բռնապետության կայացումը, որը հասարակության մեջ բռնի կերպով սերմանում է Ալիեւների ընտանիքի անհատի պաշտամունքը եւ համակարգային ֆաշիստական հայատեցությունը, ինչն ուղեկցվում է հարեւանների նկատմամբ տարածքային հավակնությունների հիմնավորմանը եւ ապագա ագրեսիայի արդարացմանը նպատակաուղղված տարածաշրջանային պատմության խեղաթյուրմամբ, ինչպես նաեւ աճող սերնդի գիտակցության նպատակային ձեւավորմամբ:

Ալիեւյան վարչակարգի գերազգայնամոլության հատկանիշները արտահայտվեցին Ռամիլ Սաֆարովի հերոսացման ձեւով, մի վախկոտ մարդասպանի, որը կացնահարեց ՆԱՏՕ-ի ուսուցման միջազգային ծրագրի գծով իր գործընկերոջը` քնած հայ սպային:

Ադրբեջանի իշխանությունների այս սադրանքը, որի նպատակն է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցության ձախողումը, դատապարտվեց բոլոր երեք համանախագահ պետությունների իշխանությունների կողմից:

Տոհմական նավթային բռնակալությունից արեւելյան տիպի ֆաշիստական վարչակարգին անցմանը Ադրբեջանի հնարավոր նախապատրաստման վկայությունն են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ ձեռնարկված հալածանքները, որոնք ուղեկցվում էին նրա գրքերի հրապարակային ու զանգվածային հրկիզմամբ եւ դատապարտվեցին միջազգային հանրության կողմից, որովհետեւ Այլիսլին խիզախություն ունեցավ իր գեղարվեստական երկում Նախիջեւանի Ագուլիս քաղաքում հայերի եւ կովկասյան թաթարների բարիդրացիության հետ մեկտեղ ճշմարտացիորեն նկարագրելու նաեւ Նախիջեւանի ու Բաքվի խաղաղ հայ բնակչության նկատմամբ թուրքերի եւ կովկասյան թաթարների ձեռնարկած դաժանությունները:

Պաշտոնական եւ իշխանությունների կողմից կաշառված հասարակական շրջանները նացիստական Գերմանիայի վատագույն ավանդույթներին համահունչ արձագանքեցին բռնաճնշումներով եւ դավաճանության մեջ մեղադրանքներով: Ակներեւ են հիտլերյան Գերմանիայի ֆաշիստների կողմից Հայնեի, Մաննի, Ֆրոյդի ու Ռեմարկի գրքերի եւ Ադրբեջանի ժողովրդական գրող ու արվեստի վաստակավոր գործիչ Այլիսլիի երկերի հրկիզումների միջեւ զուգահեռները:

Հակահայկական տրամադրությունների բորբոքման քաղաքականությունը ներկայումս չի սահմանափակվում միայն ադրբեջանական ժողովրդի հիմարացմամբ,  այլ արտահանվում է միջազգային  հանրություն: Այս առումով հատկանշական է հակահայկական տրամադրությունների ուժգնացման գործում Հրեական սփյուռքի ձեռնածվական ներգրավման փորձերով ուղեկցվող` հարեւան պետության ղեկավարի կողմից առաջադրված հայատեցության “ղուբայական ազդակի” մերկացումը:

Հենց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման մասին Ալիեւի կարգադրությամբ է փաստորեն կանոնականացվում Ադրբեջանի հյուսիսում պեղված գերեզմաններում թաղված մարդկանց զանգվածային վախճանի մեղավորների եւ նրանց ազգային-կրոնական պատկանելության մասին չստուգված մեկնակերպը:

Իսրայելի եւ Հրեական սփյուռքի գործընկերների զայրույթն է առաջացնում այն, որ Ադրբեջանի ղեկավարը պետական արարողակարգի մեջ է ներառում իբր հայերի կողմից կոտորված հրեաների աճյունների վրա կանգնեցված հուշահամալիրի այցելությունները հրեական կազմակերպությունների ղեկավարների կողմից, մինչդեռ իրականում այնտեղ հանգչում են այն հայերի աճյունները, որոնք զանգվածաբար սպանվել են 1918 թ. թուրք գեներալ Խալիլ փաշայի գլխավորած Կովկասյան իսլամական բանակի եւ կովկասյան թաթարների հրոսակախմբերի` Ադրբեջանի հյուսիսով կատարված ռազմարշավի ժամանակ:

Տվյալ փաստը հատկանշական է այն առումով, որ արտացոլում է ժողովուրդների միջեւ վստահության` որպես հակամարտության լուծման եւ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների միջեւ կայուն խաղաղության հաստատման հիմնարար հենքի խարխլման քաղաքականության էությունը: Բաքվի իշխանությունները առանձնակի տեղ են տալիս Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին տեղեկույթի գիտակցական աղավաղմանը:

1.5 միլիոն զոհված հայերի հիշատակի նկատմամբ անարգանքի պետական քարոզումը դուրս է գալիս առանձին հրապարակումների շրջանակից` ձեռք բերելով Բաքվի իշխանությունների կողմից ուղղորդվող սրբապղծության ձեւ:

Որպես Արեւելյան Անդրկովկասի պատմության գռեհիկ խեղաթյուրման օրինակ կարելի է նշել հայ բնակչության  նկատմամբ քսաներորդ դարի սկզբին կատարված եղեռնական ոճրագործությունների քաղաքական հավասարակշռումը “Ադրբեջանցիների նկատմամբ ձեռնարկված ցեղասպանությամբ”, որը երբեք էլ տեղի չի ունեցել:

Այդ կեղծարարության հիման վրա 1998 թ. Ադրբեջանի Հանրապետության նախագահը հրապարակեց “Ադրբեջանցիների դեմ ցեղասպանության մասին” հրամանագիրը: Անգամ  Բաքվի մտավորականության ներկայացուցիչները նեղ վստահական շրջանում ծանակում են հայ եւ ռուս ժողովուրդների դեմ “ադրբեջանական ժողովրդի քաղաքական համախմբման” այս անազնիվ եւ վտանգավոր եղանակը:

Նրանք քաջ գիտեն, որ իրականում տեղի են ունեցել Օսմանյան Թուրքիայի ռազմարշավային կորպուսի եւ տարածաշրջանում նրա մանկլավիկների` ի դեմս անդրկովկասյան թաթարների կողմից Անդրկովկասում հայերի կոտորածներ եւ հայերի դիմադրություն, ինչպես եղավ նաեւ հետագայում` ի պատասխան Սումգաիթում 1988 թ. եւ Բաքվում 1990 թ. տեղի ունեցած խաղաղ հայ բնակչության ջարդերի:

Իր ժողովրդի հիմարացման եւ միջազգային հանրության քաղաքական շրջանների ապատեղեկացման փորձերի օրինակ է Խոջալուի ողբերգության զոհերի նկատմամբ դիապղծության հեղինակների նենգափոխման Բաքվի վարչակարգի` շռայլորեն վարձատրվող քարոզարշավը: Տվյալ սադրանքի` որպես Բաքվում իշխանության համար մղվող քաղաքական պայքարի գործիքի մանրամասները թարմ հետքերով շարադրված են Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցում, որը նա տվել էր չեխ լրագրող Դանա Մազալովային:

Հայկական կողմն ունի բոլոր ապացույցներն այն բանի, որ զոհվածների դիակները գտնվում էին Աղդամի մոտակայքում` այդ ժամանակ ադրբեջանական իշխանությունների պատասխանատվության գոտում, նրանց Զինված ուժերի վերահսկողության տակ, եւ հայերի անմիջական շփումը զոհվածների մարմինների հետ դրանց խեղումներ պատճառելու նպատակով պարզապես հնարավոր չէր:

Միջազգային հանրությունը իր ուշադրությունն է սեւեռում այն հաճախակի դարձած քննադատության վրա, որը հնչեցվում է ինչպես Ադրբեջանի իշխանությունների հասցեին` կապված օրենսդրության թողտվության եւ արտասահմանյան պաշտոնյաներին կաշառելու հետ, այնպես էլ ուղղված այն միջազգային կազմակերպություններին, որոնք մասնակցում են Ղարաբաղյան կարգավորմանն ու նման քաղաքական կոռուպցիայի փաստերի նկատմամբ հանդուրժողականություն են ցուցաբերում:

Իսկ որո՞նք են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղենիշները:

Շեշտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի այն գործունեության կարեւորությունը, որն ուղղված է կանխելու Ղարաբաղում իրադրության վերաճումը նոր պատերազմի, հարկ ենք համարում բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հրավիրելու այն իրատեսական քաղաքականության ուղեգծի վրա, որը կարող է հանգեցնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կայուն խաղաղության հաստատմանը:

Դրա հիմքում Ադրբեջանի կողմից 1991 թ. հանրաքվեի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրինականության ճանաչումն է: 1992–1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով փակ բանակցությունների մասնակիցները վկայում են, որ հակամարտության նման արդյունավետ լուծման հնարավորությանը իր հայ հակընկերների հետ հակված էր նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը:

Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման եւ միջազգային հանրությանը նրա ինտեգրման գործոններից մեկը կարող է լինել Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության նախապատրաստումը ԼՂՀ ճանաչմանը, ինչպես նաեւ ԼՂՀ անվտանգության գոտին կազմող մի շարք տարածքների կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ զուգահեռ ընթացող բանակցություններին` բոլոր երեք անկախ պետությունների բնակչության անվտանգության ու կայուն զարգացման երաշխավորմամբ:

Ղարաբաղյան հակամարտության լուծման նկատմամբ  «խելացի ուժի» կիրարկման արդյունավետության գրավական կարող է առաջին հերթին դառնալ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման փոփոխումը սպառազինությունների մրցավազքից, ԼՂՀ եւ Հայաստանի նկատմամբ Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդների պատմության նենգափոխման վրա հիմնվող տարածքային հավակնություններից եւ միջազգային իրավունքի առանձին նորմերով աճպարարությունից դեպի հակամարտության համընդգրկուն լուծման գործում իրատեսական փոխզիջում ` ի շահ հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ կայուն խաղաղության:

Նման «վերաբեռնման» հաջողությունը պայմանավորված կլինի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ, ինչպես նաեւ նրանց եւ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի` Հարավային Կովկասի անվտանգության եւ կայուն ժողովրդավարական զարգացման համար իրենց ժողովուրդների եւ համաշխարհային ընկերակցության առջեւ պատասխանատվություն կրող Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անվտանգային համագործակցության աճմամբ:

Հակամարտության խաղաղ լուծման նկատմամբ հայկական կողմի պատրաստակամության գրավականն է Սերժ Սարգսյանի` որպես նոր ժամկետով ՀՀ Նախագահի վերընտրությունը, քանի որ նա ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման մեջ շահագրգռված բոլոր հիմնական գործող անձերի հետ կշռադատված համագործակցության փորձ:


Հոդվածը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: 


 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ