Հայաստանի ու Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրները
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 15-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների և պետությւնների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները:
Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության սերտացման, միջգերատեսչական խորհրդատվությունների ակտիվացման հարցեր:
Նախարարներ Նալբանդյանն ու Կոցիասն անդրադարձել են անցյալ շաբաթ Աթենքում կայացած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքներին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակում ընթացող համագործակցության շուրջ։
Զրույցի ընթացքում արծարծվել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ։