30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ազիզ Թամոյանը մատ է թափ տվել Ադրբեջանի վրա

Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Հայաստանում ազգային փոքրամասնություններին ճնշելու մասին հաղորդումները։

«Վերջին օրերին ադրբեջանցի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում հայ-ադրբեջանական սահմանում զոհված ազգությամբ եզդի զինծառայողներին որպես ահաբեկիչներ ներկայացնելու համար և կեղծ տեղեկություններ են տարածում իբր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` եզդիական համայնքի նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ:

Նման կեղծիքի տարածումը ուղղված է ոչ միայն եզդի ժողովրդի դեմ, այլև պետական մակարդակով հայերի հանդեպ Ադրբեջանում արմատավորված ատելության մթնոլորտի տարածման նպատակ ունի:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ որևէ բռնաճշում, որևէ խտրականություն չի կիրառվում: Հայ ու եզդի ժողովուրդները դարավոր բարեկամներ են, ու այսօր էլ ՀՀ-ում բնակվում է մոտ 60 հազար եզդի: Ի տարբերություն աշխարհի շատ երկրների` Հայաստանում եզդիների իրավունքները պաշտպանված են օրենքով. 32 դպրոցներում դասավանդվում է եզդիերեն, համայնքն ունի եզդիերեն ռադիոհեռարձակման ժամեր:

Եզդի ժողովրդի զավակները հայ ժողովրդի և Հայաստանում բնակվող ազգային այլ փոքրամասնությունների` եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, հրեա, լեհ, ուկրաինացի քաղաքացիների հետ միասին մասնակցում են Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Մեծ է եզդի ժողովրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությանը: Արցախյան պատերազմի տարիներին եզդիների 500 հոգանոց ջոկատը կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին, և այսօր էլ եզդի պատանիները, որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հետ միասին պատվով ծառայում են զինված ուժերում:

Վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ամեն քաղաքացի, այստեղ ազատորեն բնակվող եզդիները պատրաստ են Հայկական բանակի զինվորների հետ միասին պաշտպանել սահմանները թշնամիների հարձակումներից և ոտնձգություններից»,- ասված է Ազիզ Թամոյանի հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ