13 հազարից ավել ստորագրություն ի պաշտպանություն Օսկանյանի /վիդեո/
“Սիվիլիթաս” հիմնադրամի աշխատակիցները այսօր` հոկտեմբերի 18-ին, կեսօրին “Սիվիլիթաս”-ի գրասենյակից երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն, հանձնեցին պահանջագիր-նամակն ու “Սիվիլիթասի” եւ Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները:
Երկու շաբաթ տեւած ստորագրահավաքն անց է կացվել առցանց եւ փողոցներում, հավաքել են Հայաստանի տասնյակ գյուղերից, քաղաքներից մոտ աշխարհի 65 երկրից 13 հազարից ավելի ստորագրություն:
Երթի կազմակերպիչ Civilnet հեռուստաընկերության ռեժիսոր Սեդա Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ եթե դատախազությունից ինչ-որ մեկը ցանկանա երկխոսել իրենց հետ, ապա պատրաստ են, իսկ եթե ոչ` նամակը կհանձնեն ու կհեռանան: Դատախազության աշխատակիցները չմոտեցան նրանց եւ ակցիայի մասնակիցները նամակը գցեցին դատախազության փոստարկղը, իսկ ստորագրությամբ փաստաթղթերը` շատ լինելու պատճառով, դրեցին փոստարկղի մոտ:
Սեդա Գրիգորյանն ընթերցեց նաեւ ”Սիվիլիթաս” հիմնադրամի աշխատակազմի նամակ-պահանջագիրը: “Մենք մեր անհանդուրժողականությունն ենք հայտնում ամենաթողության հանդեպ…Պահանջում ենք դադարեցնել քաղաքական ճնշումները Սիվիլիթաս հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ, մենք պահանջում ենք Սիվիլիթասին եւ Օսկանյանին առնչվող գործի արդար հանգուցալուծում, մենք արդարություն եւ արդարադատություն ենք պահանջում”: