Իմ սեփական փողերը կլվամ, կփռեմ, կչորանա, չի չորանա` իմ խնդիրն է. Էպոսագետը զայրացավ
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է` ինքը չի արժանանա ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ճակատագրին: “Փողերն իմն են, կուզեմ` կլվանամ, կուզեմ` կչորացնեմ, կփռեմ”,-ասում է:
Henaran.am-ի խնդրանքով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր մեկնաբանեց մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, թե սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից էպոսագետի անցումը դեպի շքեղ կյանք, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից: Մամուլը չի բացառել, որ ‘’հանցագործ հարեւաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարվի նաեւ փողերի լվացման մեղադրանք’’:
‘’Փողերը իմ փողերն են եւ դրանով ամեն ինչ ասված է: Իմ սեփական փողերը կլվամ, կփռեմ, կչորանա, չի չորանա, դա արդեն իմ խնդիրն է: Որեւէ մեկը ինձ փող չի տվել’’,- Henaran.am-ին ասաց Վարդան Սեդրակյանն ու զարմացավ, թե ո՞ վ է ասել, որ ինքը սոցիալապես համեստ ապրելակերպից միանգամից հարստացել է:
‘’Ըստ մամուլի, երեկ տպել էին, որ իմ աներոջը ձերբակալել են, պարզվեց, որ իմ աները մահացել է 1990 թվականին: Էդ մամուլն իմ ամբողջ կյանքում իմ կողքը ապրել ա՞, հա՞: Իրանք ի՞նչ գիտեն, որ միանգամից ա: Ես մամուլի ասածներն այլեւս պարզաբանելու խնդիր չունեմ: Մինչեւ երեկ էլի մտածում էի, մեկնաբանում էի, բայց որ մահացած մարդուն ձերբակալում են, ես այդպիսի մամուլին լուրջ չեմ ընդունում’’:
Նախագահի թեկնածուից հետաքրքրվեցիք` շարունակելո՞ւ է իր քարոզարշավը այս մի քանի օրը եւս ԶԼՄ-ներով իրականացնել` հաշվի առնելով վերը նշած միտքը, Սեդրակյանն ասաց, որ դրանք տարբեր բաներ են:
Վարդան Սեդրակյանից փորձեցինք պարզել նաեւ, թե իր կարծիքով ինչո՞ւ է հենց ինքը նման հրապարակումներով հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում.’’Որովհետեւ, որ ուշադիր լինեիք քարոզարշավի ժամանակ, կտեսնեիք, որ միակ նորմալ քննադատությունը եւ նորմալ ծրագրերն ու գաղափարները ես եմ ներկայացնում, բա՞ ում հետեւից ընկնեն’’:
‘’Այսինքն, իշխանությունը ձեզ հետապնդո՞ւմ է’’: Henaran.am-ի ճշտող հարցին Վարդան Սեդրակյանն արձագանքեց. ’’Հետապնդելը ո՞րն է, էդ հարցադրումները, որ բարձրացնում են, որտեղի՞ց են գալիս’’:
Էպոսագետը վերջում նշեց, որ լրատվամիջոցներն անգամ ներողություն չխնդրեցին իրենից` սխալ տեղեկություններ հրապարակելու համար եւ անջատեց հեռախոսը: