26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կուտը մի կերեք. Առավոտ

Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է:

Նույն կուսակցության կարկառուն գործիչներ Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը դրանից բխող Կարսի պայմանագիրը ստորագրողների թվում էին (իրավական առումով նույնքան անհասկանալի «Հայկական ՍՍՀ»-ի անունից): Պետք է ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացման ֆոնին Մոսկովյան պայմանագիրը չեղարկելու թեմայով հայտարարություններ են անում ռուսաստանյան քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նավալնին եւ Ժիրինովսկին:

Ճիշտ, թե սխալ հասկացված պետական շահերի առումով այդ երկրի բոլոր քաղաքական գործիչները միակամ են: Ռուսաստանի պետական շահերը, կարծում եմ, իրապես պահանջում են շանտաժի ենթարկել Թուրքիային եւ խաղարկել բոլոր «խաղաթղթերը», այդ թվում՝ հայկական: Դա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանն իսկապես մտադիր է երբեւէ չերկարացնել այդ չարաբաստիկ պայմանագիրը՝ ուղղակի սա եւս մի լծակ է ավելի լավ, ավելի շահեկան դիրքերից Թուրքիայի հետ ի վերջո «բարիշելու»:

Իսկ որ դա վաղ թե ուշ տեղի կունենա՝ թող ոչ ոք չկասկածի: Դա մի քիչ նման է Հայաստանի (եւ ցանկացած այլ երկրի) ներքին կյանքի գործընթացներին: Եթե մեկն ընդդիմադիր դաշտում չափից դուրս շատ է կոկորդ պատռում, իմացեք՝ շատ հնարավոր է, որ նա «իր գինն է բարձրացնում»՝ իշխող կոալիցիայի մաս դառնալու համար: Մի խոսքով՝ ռուսաստանյան քաղաքական գործիչների նման հայտարարությունների դրդապատճառները պարզ են՝ դա բնականոն քաղաքական երեւույթ է:

Պարզ չէ որոշ հայերի ոգեւորությունը եւ նրանց ենթադրությունները «չըլլալիք» բաների մասին: Եթե Ռուսաստանը «մեր գեղեցիկ աչքերի համար» պատրաստվում է որեւէ լավ բան անել, ապա եկեք խնդրենք այդ երկրի ղեկավարությանը, որ չխոչընդոտի Հայաստանի՝ տնտեսական եւ քաղաքական կապերի դիվերսիֆիկացմանը: Կարծում եք՝ մենք միայն Ռուսաստանի՞ հարցում ենք այդքան միամիտ: Ոչ, ԱՄՆ-ի հարցում՝ նույնպես:

Աշնանն այդ երկրում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ այնտեղի հայերի մի մասը կողմնորոշվում է նրանով, թե թեկնածուներից որ մեկն ինչ կասի Հայոց ցեղասպանության մասին: Բայց քանի՞ կոպեկ արժե «ասելը», եթե, միեւնույն է, նախագահ դառնալուց հետո այդ գործիչը խոսքից հետ է կանգնելու: Այնպես որ, սիրելի ամերիկահայեր, կողմնորոշվեք այլ չափանիշներով: …Ի դեպ, Պողոս Մակինցյանը նաեւ հայերենի լատինատառ ուղղագրության ջատագով էր: Այսօրվա հայ երիտասարդների մի մասը համացանցում «կյանքի է կոչում» բոցավառ բոլշեւիկի այդ երազանքը:

Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ