Գիմիշյանն իր ՀԱԿ-ը կստեղծի՝ Զուրաբյանից ու Մանուկյանից հեռու
՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ողջունում է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի փոխարեն կուսակցություն ստեղծելու գաղափարը: Սակայն ողջունելու պատճառը ոչ թե այն է, որ Գիմիշյանը ևս ցանկանում է միանալ այդ կուսակցությանը, այլ այն, որ Գիմիշյանը հույս ունի, որ ՀՀՇ-ը և մի քանի այլ կուսակցություններ կհեռանան ՀԱԿ-ից, և ինքը կկարողանա վերակազմավորել ՀԱԿ-ը:
՛՛Եթե ՀՀՇ-ն և մի քանի այլ կուսակցություններ գնան ՀԱԿ-ից, ես կնախաձեռնեմ, որ ՀԱԿ-ը մնա, հույս ունեմ, որ նոր ուժեր կգան, հները կվերադառնան՛՛,-այսօր ասուլիսում հայտարարեց նա:
՛՛Ողջունում եմ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու նախաձեռնությունը, բայց ինքս համաձայն չեմ: Մենք չենք համաձայնելու` մաս կազմել այդ կուսակցության: Նախկինում էլ եմ ասել, որ կուզենայի, որ ՀԱԿ-ում առողջացման մթնոլորտ գնար՛՛,-նկատեց Գիմիշյանը:
Վերջինիս համար առաջին նախագահի այս քայլը անսպասելի էր, քանի որ դեռ նախորդ հարցազրույցից հետո նրա մոտ տպավորություն է ստեղծվել, որ Տեր-Պետրոսյանը գնում է քաղաքականությունից, իսկ հիմա երևում է՝ մնում է: Գիմիշյանը ընդգծեց, որ ՀԱԿ առաջնորդը խնդիր է դրել ոչնչացնել ՀԱԿ-ը, իսկ ինքը խնդիր է դրել պահպանել ՀԱԿ-ը, այն կառուցել ժողովրդավարացման սկզբունքների, փոխադարձ հարգանքի վրա:
՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության առաջնորդն անդրադարձավ նաև այդ նախաձեռնության դեպքում ՀՀՇ-ի գործունեության դադարեցմանը:
՛՛ՀՀՇ-ի առաջին դեմքը չգիտի, թե ինչ է լինելու, իրար մեջ էլ չեն քննարկելու, սա գործելակերպ է, նա չգիտի՛՛,-նշեց Գիմիշյանը:
Նա նաև համոզված է, որ Լևոն Զուրաբյանը Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը կլինի նաև այստեղ: ՛՛Զուրաբյանը նրա ականջն ու լեզուն է, նա իր կարծիքն այսքան ժամանակ չի ասել, ընդամենը նիստ է վարել՛՛: